Լուրեր

Էդուարդ Շարմազանովի խորհուրդը Անդրանիկ Քոչարյանին. ապրիլյան հանձնաժողով հրավիրեք Նիկոլ Փաշինյանին

22.10.2019

«Երբ ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ադրբեջանին՝ ԵՄ մտցնելու համար եւ ՌԴ-ի լուռ համաձայնությամբ, որտեղի՞ց նրան այդ ինֆորմացիան: Այս ամիսների ընթացքում հանձնաժողովն ում ասես հրավիրում է, բացի Փաշինյանից, որը տվել է ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով գնալ-չգնալուն, քննարկվող հարցին: «Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգնա՞ այդ հանձնաժողով, թե՞ ոչ: Բոլորը գիտեն՝ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի: Սակայն այլ հարց է, առհասարակ այդ հանձնաժողովի ստեղծումը. կարծում եմ՝ աբսուրդ է ստեղծել մի պատերազմի համար հանձնաժողով, որտեղ դու հաղթել ես: Բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում այս առումով, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը:

Մամուլում ԱԺ նախկին փոխխոսնակը կարդացել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը քննության առարկա է որոշել դարձնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ մեքենաներում դիզվառելիք չի եղել: Մինչ այդ, Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ճիշտ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի «սոխակները» այդ հանձնաժողով հրավիրեին հենց Նիկոլ Փաշինյանին եւ պարզեին նրա հայտարարության աղբյուրը: Ընդհանուր առմամբ, բանախոսի գնահատմամբ, ակնհայտ է, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները ֆարս են, և նրանց նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ստվեր գցեն հաղթանակի վրա: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 
aravot.am
 
 

← Վերադառնալ ցուցակին