Լուրեր
«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով
17.10.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»
Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է:
Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ և ռազմական շքերթներ:
Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի նոր իշխանության ղեկավարը ոչ միայն չի արձագանքել պանթուրքիստական վտանգին, այլ ընդհակառակը՝Ալիևին կիրթ և նորմալ է անվանել և փոխարենը վարկաբեկել Արցախի հաղթանակը կերտած բազմաթիվ առաջնորդների:
Բայց սա էլ դեռ վերջը չէ:
Ալիևը թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին ուղիղ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ քայլողների առաջնորդը լռում է:
Պանթուրքիզմի և ռազմական ագրեսիայի վտանգը թողած, Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ ի դեմ ՍԴ նախագահի:
Հերիք է երկրի ներսում թշնամու կերպար ստեղծեք:
Թշնամին սահմանի այն կողմում է ու եթե այսպես շարունակեք օգտվելու են ձեր կողմից իրենց ընձեռված «նվերից»:
Հ.Գ. Եվ վերջապես հասկացեք, Հայաստանի անվանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են և ոչ թե Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը»: