Լուրեր

Եթե ահաբեկիչներին իմ դեմ լարելով են փորձում ինձ լռեցնել, չի ստացվելու. Շարմազանովը՝ իր դեմ դատական հայցի մասին

15.10.2019

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանգիստ է վերաբերվում Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցին։

 
«Կլինի դատական ընթացակարգ, փաստաբաններս կզբաղվեն այդ գործով», - Primenews.am-ին ասաց Շարմազանովը՝ մեկնաբանելով իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։
 
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ նշել էր, որ Փաշկնյանը գործարքի է գնացել ահաբեկչական կառույցի ներկայացուցիչների հետ։ «Այո, պնդում եմ, որ ՊՊԾ գունդը գրավելը, 3 ոստիկանի կյանքը խլելը, ինչպես նաև ՀՀ-ում զինված խմբի անդամ կամ պարագլուխ համարելը այլ կերպ, քան ահաբեկիչ քաղաքական եզրույթով դժվար է բնորոշել։ Իսկ թե ում ինչ հոդվածով կդատապարտեն կամ կարդարացնեն, դա այլ հարց է։ Ավելին, հենց զինված խմբի պարագլուխները պետք է պատասխան տան դատարանի առջև։ Ես քաղաքական գործիչ եմ, տվել եմ քաղաքական գնահատական, որը վերահաստատում եմ», - մեզ հետ զրույցում ասաց Շարմազանովը։
 
Նրա խոսքով, դատի պետք է տալ բոլոր նրանց, ովքեր «գործարքի են գնացել Հայաստանի Հանրապետության դեմ հարձակում գործած զինված խմբերի ու ահաբեկիչների հետ»։
 
Հետո էլ կես կատակ, կես լուրջ ավելացրեց, որ հիմա ինքն էլ հավասարվեց մյուսներին․«Թե չէ անհարմար էի զգում, որ բոլորի նկատմամբ գործեր են բացել, իմ դեմ ոչ» ։
 
Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը դատարանից պահանջում է Շարմազանովին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը:
 
Հայցը փոխանցվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի վարույթ։
 
Նշենք, որ խոսքը նախկին պաշտոնյայի գրառման մասին է, երբ վերջինը գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում:
 
primenews.am

← Վերադառնալ ցուցակին