Լուրեր
«Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին». Էդուարդ Շարմազանով
09.10.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին: Սա սպառնալիք է մեր պետությանը
Մենք ապրում ենք մեր պետության պատմության ճակատագրական ժամանակաշրջանում: Իշխանության է եկել ուժ, ում համար իզմեր չունենալը հավատամք է:
Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:
Տեսեք.
● Փաստացի 1,5 տարի է քայլածները հրաժարվել են Ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության դեմ պայքարից: Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից խոսելու փոխարեն խոսում է նախկին ուժերից և իր թավշիստներից:
●Արցախի հարցում կտրուկ նահանջ և հրաժարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
● Փաշինյանը իր լռությամբ համաձայնվեց Բոլթոնի կոչին՝ «հրաժարվել պատմական կաղապարներից»:
● Արշավ Արցախի հերսների դեմ:
● Փաշինյանի իշխանությունը, նսեմացնելով Սարդարապատի և Արցախի հաղթանակները, մի դեպքում հավասարեցրեց իր բազմագույն հեղափոխությունը Սարդարապատի հաղթանակին, մեկ այլ դեպքում՝ ավելի կարևորեց իշխանազավթումը, քան Արցախի հաղթանակը: Հասկանում եք՝ ինչ է արվում...
Թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ մեր ժողովրդի հաղթանակը Փաշինյանի կողմից ավելի է նսեմացվում քան իր դմփ-դմփ-հու շարժումը:
●Ավելին, Փաշինյանը գործարքի է գնում սորոսա-ահաբեկչական խմբի հետ, մի խմբի, որը հարձակում է գործել ՀՀ-ի վրա, որը Հայաստանում զբաղված է մեր երկրի դաշնակից Ռուսաստանի դեմ հակաքարոզով: Եթե սրան գումարենք նախկին ԱԱԾ պետի «կանգ առ և սթափվիր»-ը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում Նիկոլի բազմագույն հեղաշրջման արդյունքում արվում է հնարավոր ամեն ինչ՝ թուլացնել մեր պետության հիմքերը:
Այս կարճ ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց իշխանական էշելոններում ուժեղացնել սորոսա-ապազգային–հակառուսական ուժերի դիրքերը և թուլացնել կամ դուրս մղել իշխանությունից նրանց, ովքեր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցներ են...
Եզրակացությունը հետևյալն է.
● Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ չպետք է այլընտրանք ունենա:
● Հայաստանը պետք է շարունակի իր անդամակցումը ՀԱՊԿ-ին, և
ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում ՝որպես ՀՀ անվտանգության բաղադրիչ: Փաշինյանի ռեժիմը անում է ճիշտ հակառակը:
Հ.Գ.
Ինչպես կասեին Հին Հռոմում՝ «Կարթագենը պետք է կործանվի» կամ հակապետական ուժերը և նրանց սպասարկողները պետք է հեռանան: Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը»: