Լուրեր

«Ստվերը տեղափոխվել է բարձր էշելոններ, և սա տոտալիտար համակարգի ամենաբնութագրող հանգամանքն է». Գագիկ Մինասյան

07.10.2019

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ պետության կարևորագույն ֆինանսական փաստաթղթին՝ պետական բյուջեին:

Գ. Մինասյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքերը, թե՝ 2050 թ. համար պետք է հասնենք մի բնագծի, որի համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 10 տոկոս երկնիշ տնտեսական աճ, ապա անդրադարձավ 2020թ. համար նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշներին՝ նշելով, որ այն ընդամենը 0.4 տոկոսով է ավել, քան մեր բնական աճն է.

«Տեսեք, թե ինչպիսի տնտեսական աճ է նախատեսվում եկող տարվա համար՝  ընդամենը 4.9 տոկոս, որպեսզի հասկանալի լինի՝ այն շա՞տ է, թե՞ քիչ, մենք պետք է ունենանք հետևյալ ուղենիշը՝ մեր երկիրը միջազգային բոլոր տնտեսագիտական կառույցների կողմից ֆիքսված մի ցուցանիշ ունի, որը կոչվում է բնական աճի ցուցանիշ: Դա այն ցուցանիշն է, որը, եթե իշխանությունները շատ կոպիտ սխալներ թույլ չեն տալիս տնտեսության բանգավառում, կամ իրենց շատ չեն կոտորում էական բարեփոխումների համար, ապա այդ ցուցանիշը 4.5 տոկոս է: Ի դեպ, այդ փաստն արձանագրված է կառավարության բազմաթիվ փաստաթղթերում»:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը նման ցուցանիշը համարեց անտրամաբանական ցածր և ևս մեկ համեմատություն արեց՝ հիշեցնելով այն ցուցանիշները, որոնք կային իշխանությունը փոխանցելիս.

«Երբ մենք իշխանությունը փոխանցեցինք այս նոր քաղաքական ուժին՝ պարոն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 2017թ. մեր աճը կազմել էր 7.5 տոկոս, իսկ 2018 թ. առաջին երկու եռամսյակների աճը 10 տոկոս է եղել:

Սա անթույլատրելի ցածր աճ է, ըստ էության նվազագույնը և կրկնակի ավելի ցածր, քան մենք թողել ենք»:

Անդրադառնալով ստվերի նվազեցման քաղաքականությանն ու դրա տենդենցներին՝ Գ. Մինասյանն իրենց իշխանության տարիների այլ դրվագներ էլ արձանագրեց.

«2016 թվականին մենք հասել են 21.3 տոկոսի՝ հարկերը՝ ՀՆԱ-ի մեջ,  և հենց այդ նույն ժամանակ այդ, նաև այն ուժը, որն այսօր իշխանության է, քննադատում էր մեր տնտեսությունը՝ ասելով, որ առնվազն 40 տոկոսը գտնվում է ստվերի մեջ, մինչդեռ եկող տարվա համար նախատեսվում է 22.6 տոկոս. 4 տարիների ընթացքում՝ ընդամենը 1.3 տոկոսի աճ: Սա խոսում է այն մասին, որ ստվերի դեմ պայքար գործնականում չկա»:

Նա, սակայն, արձանագրեց տարօրինակ իրավիճակ՝ նշելով, որ առօրյայում թեև նկատվում է ստվերի էական կրճատում, բայց այն թվերով չի արձանագրվում.

«Մենք մեր առօրյա կյանքում իսկապես նկատում ենք ստվերի էական նվազում՝ մեր սպասարկող ծառայությունները, պետական մարմինները, խանութները, կարծեք թե ստվերային էական նվազում են արձանագրել: Այստեղ առաջանում է կարևոր հարց, բա այդ ցուցանիշն ինչի՞ մասին է ասում, այս 22.6 տոկոս ցուցանիշն ասում է մի շատ վտանգավոր երևույթի մասին՝ ստվերը տեղափոխվել է բարձր էշելոններ, և սա տոտալիտար համակարգի ամենաբնութագրող հանգամանքն է»:

Ըստ Գ. Մինասյանի՝ այս իրավիճակը հիշեցնում է հարևան Վրաստանում Սահակաշվիլու իշխանության տարիները, երբ ներքին էշելոններում ստվերը կրճատվել էր, բայց այն ավելացել էր վերին էշելոններում.

«Սա խոսում է պետական իշխանական համակարգի նեխածության ամենաբարձր մակարդակի մասին»:

Բյուջեի նախագծում բանախոսն արձանագրեց նաև կարևոր բացթողում՝ ռիսկերի բաղադրիչի բացակայությունը. «Բյուջեի նախագծում բացակայում է կարևոր էլեմենտ՝ գազի գնի հնարավոր թանկացումը»:

Ըստ նրա՝ տրամաբանական չէ քննարկել նման բյուջեն, որտեղ ամենակարևոր էներգակրի շուրջ 30 տոկոս թանկացման մասին տեղեկությունը բացակայում է. «Կամ պետք է հետաձգել, մինչև կառավարությունից պահանջել այլընտրաքնային նախագծի տարբերակ, կամ այդ քննարկումներն էությունից զուրկ պետք է համարել»:

 

Գ. Մինասյանը համոզված է, որ սույն նախագծի համար պատասխանատու թիմը բարձր որակում ունի, հետևաբար՝ նրա եզրակացությունն այդ բացթողնման մասին մեկն է. «Դա քաղաքական որոշում է եղել, քանի որ այն կարող էր բերել հարցադրումներ, որոնք կարող էին անխուսափելի հետևանքներ ունենալ իշխանության հետագա գոյության համար»:

Զարուհի Դիլանյան

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

← Վերադառնալ ցուցակին