Լուրեր

«Ալիևի հայտարությունը «Վալդայ»-ում՝ թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում». Արտակ Զաքարյան

04.10.2019

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայտարարություն հայտարարության համար
 
Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:
 
Հակամարտությանը տեղյակ գրեթե բոլոր քաղաքական գործիչները (ի նկատի ունեմ արտերկրում) չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռևս պետք է ճանապարհ անցնել: Պատրազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միևնույն է հարցի լուծում չէ: Հետևաբար խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր գործադրել պահպանել ու զարգացնել ձեռքբերվածը:
Ալիևի հայտարությունը «Վալդայ»-ում՝ թե «Ղարաբաղը Ադրբեջան է» նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում:
 
Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները՝ թե հիմնախնդրի լուծումը պետք է նաև ադրբեջանցիների համար ընդունելի լինի, Ադրբեջանում չեն գնահատում և համարժեք չեն արձագանքում: Ընդհակառակը՝ վերջին ժամանակներում էլ ավելի հաճախ են սկսել խոսել ռազմական ճանապարհի մասին:
 
ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և Իրան: Ահա այս երկրների հետ ակտիվ, հասկանալի, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման բանալին: Այլապես հակամարտության կողմերից հնչող ցանկացած հայտարարություն մյուս կողմերից անարձագանք չի մնալու»:

← Վերադառնալ ցուցակին