Լուրեր

«Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում բուն գործով զբաղվելու ժամանակ գտեք». Արմեն Աշոտյան

30.09.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ԱՅԴՔԱՆ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԳՏԵՔ

Եվրոպական խորհրդարանում ավարտվեց ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության ձևավորումը ( DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ:

Ինչպես հայտնի է, Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Cooperation Committee), իսկ Հայաստանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Partnership Committee), որը ես և իմ եվրոպացի գործընկեր-համանախագահ Սաջաթ Քարիմը հասցրեցինք միասին հիմնադրել՝ ի կատարումն Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի:

Օրերս պատվիրակության ղեկավար է ընտրվել էստոնացի Մարինա Կալյուրանդը, ով ներկայացնում է սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը: Մինչ Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալը նա ակտիվորեն զբաղվել է Էստոնիայի ներքին քաղաքականությամբ, եղել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար, դեսպան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեքսիկայում, Ղազախստանում:

Պատվիրակության ղեկավարի երկու տեղակալների անունները նույնպես հայտնի են՝ լեհ Կոզմա Զլոտովսկին պահպանողականներից և լիտվացի Ռասա Յուկնիավիչենեն ԵԺԿ-ից: Վերջինս ունի շատ լուրջ քաղաքական բագաժ: Յուկնիավիչենեն 4 տարի աշխատել է որպես Լիտվայի պաշտպանության նախարար, եղել է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նախագահ:

Ինչպես տեսնում ենք, պատվիրակության ղեկավարությունը արևելաեվրոպական է, կանխատեսելի գեոպոլիտիկ հայացքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կարող են պրոյեկցվել նաև մեր տարածաշրջանի վրա:

Հուսամ, այսօրվա ԱԺ-ի համապատասխան պատվիրակությանը կհաջողվի պահպանել ու զարգացնել մեր թողած լավագույն ավանդույթները և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:

Այս հարցը խիստ կարոևոր է ինչպես ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համար, այնպես էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական այս պատվիրակությունը աշխատելու է նաև Ադրբեջանի հետ:

Հ.Գ. Բրյուսելից տեղեկացա, որ եվրոպական վերջին ընտրություններից հետո Հայաստանի որևէ պաշտոնական պատգամավորական պատվիրակություն դեռ չի այցելել Բրյուսել և չի ծանոթացել իրենց նոր գործընկերների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի:

Այդքան ամբախ-զամբախ գործուղումների արանքում ժամանակ գտեք նաև բուն գործով զբաղվելու համար»:

← Վերադառնալ ցուցակին