Լուրեր

ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է այսօրվա իշխանությանը. Շարմազանով

17.09.2019

Նախկին իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ Վանեցյանի սթափվելու կոչը վկայում է լուրջ սպառնալիքների մասին։
 
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Շատ մտահոգիչ է, որ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում է անցավորի և մնայունի, գլխավորի և երկրորդականի մասին, կանգ առնելու և սթափվելու կոչ է անում, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն ամբողջական պատկերացում ունի Հայաստանում անվտանգության համակարգի, պետության անվտանգային մարտահրավերների վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այսօր հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը։
 
Նախկին պաշտոնյան ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է համարում այսօրվա իշխանությանը։ Վանեցյանը, որն այս իշխանության ամենաառանցքային դեմքերից էր, միգուցե ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյաներից մեկը, իր հայտարարությամբ ասում է այն, ինչը ՀՀԿ–ն ասում է մեկուկես տարի։
 
«Մենք Փաշինյանին կոչ ենք արել կանգ առնել, սթափվել, պետական մտածողություն դրսևորել և բոլոր հարցերում նկատի ունենալ ազգային ու պետական անվտանգության շահը», – ասաց Շարմազանովը։
 
Նրա կարծիքով` եթե ԱԱԾ տնօրենը նման հրապարակային կոչ է հնչեցնում, ուրեմն մեր պետության նավը` Փաշինյանի գլխավորությամբ, գնում է դեպի նոր արհավիրքներ։
 
Շարմազանովը կարծում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր քաղաքական ախոյաններին ձերբակալության տեսքով չեզոքացնելն է։
 
«Չեմ զարմանա, եթե վաղը նրա իշխանությունը նման կարծիք արտահայտելու համար ինձ մեղադրանք առաջադրի, և դա Փաշինյանի իշխանության կողմից մեկնաբանվի որպես հակապետական քարոզ», – նշեց Շարմազանովը։
 
Հիշեցնենք՝ այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։
 
Քիչ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։
 
Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ մասնավորապես հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
 
Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին
 
«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:
 
Նրա խոսքով` պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
 
armeniasputnik.am
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին