Լուրեր
«Նիկոլը պատմության մեջ մնալու է որպես պետական համակարգը քանդող մարդ»
10.09.2019
Ամուլսարը դարձել է այս իշխանության «ճիտին պարտքը», չգիտեն ինչպես վարվել, ինչ որոշում ընդունել: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսար տանող ճանապարհները պետք է ապաշրջափակել, իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ վստահեցրել էր, որ վաղ, թե ուշ այս իշխանությունը հանքը շահագործելու թույլտվությունը տալու է:
-Ամուլսարը, Ստամբուլյան կոնվենցիայի թեմաները մասնատում են «Իմ քայլը» խմբակցությունը։ ՔՊ-ի նիստերն անպտուղ են անցնում, ինչու՞ է այսքան արագ քայքայվում մեկ տարին նոր բոլորած, ժամանակին 80 տոկոս վստահություն ունեցող քաղաքական ուժը:
-Մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է «իշխանական մեծամասնություն» եզրույթը գործածել, որովհետև Հայաստանում կա մեկ անձի պաշտամունք, ինչպես անգլիացիներն են ասում՝ մի դերասանի թատրոն կամ շոու: Այդ մեկ մարդն ինչ ուզում, անում է և իշխանական մեծամասնությունն էլ բուտաֆորիայի, ֆասադի դեր է կատարում, ընդամենը կնոպկա սեղմողներ են: Ինչպես Կալիգուլան իր ձիուն դարձրեց սենատոր, որոշակի բացառությամբ էլ, Փաշինյանն իր հետ քայլողներին կամ ծափահարողներին բերեց խորհրդարան: Այս խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքական անմեղսունակության կրողներ են: Չկա քաղաքական համակարգ, մեծամասնություն խորհրդարանում, կա Փաշինյանի ցանկություն:
-Սակայն մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր ենք, և վարչապետի ցանկությունը չպետք է առաջնային դիտարկվի, որոշողն ԱԺ մեծամասնությունն է:
-Երբ ասում եմ, թե երկիրը ողբերգական վիճակում է, նկատի ունեմ հենց այն, որ երկրի խորհրդարանից ոչինչ կախված չէ: Փաշինյանը մեկ որոշում է դատարաններ շրջափակել, ու իր պատգամավորները չգիտեն ինչպես արձագանքել, Ամուլսարի հարցում մեկ շաբաթում 3 անգամ կարծիք փոխեց, նրա թիմն այս ռեժիմին չի կարող դիմանալ, դրա համար, շառից հեռու, ոչ մի բան չեն ասում: Խորհրդարանական մեծամասնությունից այս ընթացքում մի քաղաքական պատասխանատու հայտարարություն լսե՞լ եք: Քաղաքականությունը նախ և առաջ պատասխանատվություն է, սրանք չեն հասկանում, որ պատասխանատվություն կրելը քաղաքական գործչի համար առաջնային է: Նիկոլ Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, մի շաբաթվա ընթացքում Ամուլսարի հետ կապված 7 անգամ տեսակետ է փոխում: Համոզված եմ, որ այս հարցում նրա վրա ճնշումը մեծացել է, և հանքը միանշանակ աշխատեցնելու է: Մյուս կողմից էլ գրանտակեր կամ արևմտյան ուժերի հովանավորությունն ունեցող ուժերի հետ գործարքի է գնում, «Սասնա ծռեր»-ից սկսած մինչև իոաննիսյաններ և սանասարյաններ: Նրանց, ովքեր բնապահպանական դաշտում ակտիվ են, կաշառում է, 34 մլն դրամ է տալիս՝ Արցախի ընտրությունները դիտարկելու համար: Համոզված եմ` Դավիթ Սանասարյանին «հետողորմյա» է անելու, բայց այստեղ այլ հարց կա: Մենք չենք մոռացել դատախազության և ԱԱԾ-ի հայտարարությունները: Ընտրությունը Սորոսի և ուժային կառույցների միջև այս փուլում Փաշինյանը հօգուտ սորոսականների է լուծում, որովհետև Ամուլսարի հարցում աղմկողները սորոսականներն են: Դրա համար վերջիններիս սիրաշահում է: «Սասնա ծռերին» էլ կանչել, խոսել է: Փաշինյանը որևէ ռազմավարական, համակարգային լուծման չի գնում: «Մուտիլովչիկ» լրագրողից, որ իրավիճակային գործեր է միշտ արել և «իզմ»-եր չունի, չի կարելի համակարգային լուծումներ պահանջել: «Իզմ»-եր չունեցող մարդը նման է նրան, ով հայտարարում է, թե կրոն չունի, կարևորն Աստվածն է, այսօր բուդդիստ եմ, վաղը` քրիստոնյա, մյուս օրը՝ մուսուլման: Նրա թիմը մեծ «դիապազոն» ունի՝ տրանսգենդերների և գոմիկների քարոզիչ Լարա Առաքելյանից մինչև ավանդապաշտ Սասուն Միքայելյան: Հիմա այս թիմի «իզմը» ո՞րն է:
-Անգաղափար ու առանց համախոհության այս թիմը որքա՞ն կարող է մնալ իշխանության:
-Գուցե իրավիճակային որոշակի հաջողություններ լինեն, բայց Փաշինյանի իշխանությունն ամենախայտառակ ձևով է իշխանությունից հեռանալու: Նա հանրության մեջ մեծ սպասումներ է ստեղծել, բայց իրավիճակը չի փոխվում: Գագիկ Խաչատրյանի ձերբակալումը, Սաշիկին բռնելը էլ չեն աշխատում: Նա ունի մեկ «փամփուշտ» ՝ Սերժ Սարգսյանին ձերբակալել: Մենք գիտեինք, որ սրա համար քաղաքական որոշում կայացվել էր, այդ մասին հայտարարեցինք, և հանկարծակիության գործոնը չաշխատեց: Մենք նաև հայտարարել էինք, որ նույնիսկ այդ ճգնաժամային իրավիճակում ՀՀԿ-ն պատրաստ էր աշխատելու, պայքարելու: Ցույց տվեցինք, որ եթե ուզում ես դրանով մեզ վախեցնել, մենք վախեցողը չենք: Մի օր բռնելու էիր, մի օր էլ ուզած-չուզած բաց էիր թողնելու: Եթե քեզ պես անհաջող քաղաքական գործիչը նստել, դուրս է եկել, հաստատ Շարմազանովը, Աշոտյանը, Սերժ Սարգսյանը կնստեն ու դուրս կգան, ամեն ինչ տղամարդու համար է: Եթե դու «իզմ»-եր չունենալով ես պայքարում, մենք ունենք ու այդ «իզմ»-երի համար ենք պայքարում: Հիմա Փաշինյանի առջև երկու կարևոր հարց է դրված՝ Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան, երկուսն էլ իրագործելու է, բայց միասին չի կարող մարսել, դրա համար ստամբուլյանն առայժմ հետ է գցել: Բայց այսքան ժամանակ դուք լսե՞լ եք Փաշինյանից մի խոսք այդ կոնվենցիայի դեմ, հակառակը. Հայաստանի միակ կառավարությունն է, որի անդամներից ոմանք բացահայտ կողմ են խոսել այդ կոնվենցիային: Առայժմ Ամուլսարի շահագործումը թույլ կտա, բայց այդ խնդիրն իր համար տրոյական ձիու պես մի բան է լինելու: Նա իր ողջ քաղաքական արշավը կառուցել է նախկինների վարկաբեկման վրա, Եթե Ամուլսարը բացում է, նշանակում է, փաստում է՝ կոռուպցիոն ոչ մի սկանդալ չի եղել: Իրեն էլ պիտի հարցնել. «Այ, խելոք վարչապետ, էդ որ ավտոդ ծախում ես ու փողը դրամով ես պահում բանկում, լավ ես անում, բայց ժամանակին մեզ մեղադրում էիր, ասում էիր «նիսյա» ունեցող տատիկ-պապիկներին օգնեք, բա ինչու՞ դու չես օգնում»: Մեզ ասում էիր, թե ամբողջ օրը հարսանիքների եք, ուտել-խմելու, բայց հիմա ոնց որ դու ես ամբողջ օրը դրանով զբաղված, թե մենք մեկ հոգով էինք գնում, դու՝ 6: Փաշինյանն ուշ, թե շուտ հնձելու է այն, ինչ ցանել է: Ամուլսարը հորով-մորով անելուց հետո կանցնի Ստամբուլյան կոնվենցիային, սա է նրա ծրագիրը: Նիկոլը պատմության մեջ մնալու է որպես պետական համակարգը քանդող մարդ: Այսօր պետական համակարգում աշխատող շատ մարդիկ էլ փաստում են, որ Փաշինյանի մի ժամ ավելի իշխանության մնալը սպառնալիք է պետության համար: Եթե պետության ղեկավարը բանուգործը թողած, սելֆիներ է անում, տուրիստների է ման տալիս, լայվեր անում, ուզում ես հասկանալ՝ այդքան պարա՞պ է: Չի կարող հաց տալ, տեսարաններ է ապահովում, բայց անվերջ տեսարաններով չես կարող ժողովրդին զբաղեցնել: Տեսարաններն արդեն չեն աշխատում, Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է:
-Ասում եք, թե քանդում է պետական համակարգը, մինչդեռ վերջերս Փաշինյանը խոսեց 2014-ին պատրաստված գաղտնի զեկույցի մասին՝ վստահեցնելով` դա փաստում է, որ Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի աշխատել: Սա ի՞նչ է նշանակում:
-Ես չգիտեմ, թե դա ինչ փաստաթուղթ է, հնարավոր է դա փորձագիտական որևէ խմբի կազմած փաստաթուղթ է, որը վերջին ճշմարտությունը չէ: Փաստն այն է, որ այսօր էլ Հայաստանը իներցիոն գոյատևում է դեռ մեր ստեղծած համակարգով: Նույնիսկ Փաշինյանի իշխանության քիչ թե շատ լավագույն կադրերը մեր իշխանությունից «ժառանգած» կադրերն են: Բա եթե մեր ժամանակ կաթվածահար էին ինստիտուտները, ինչու՞ ես հենվում մեր իշխանության կադրերի վրա: Տարիուկես է արդեն վարչապետ է, բացի քանդելուց ոչ մի բան չի արել: Կանգնում, ասում է, թե տնտեսությունը թռիչքային զարգացում է ապրելու, առաջին կիսամյակում 6,8 տնտեսական աճ է եղել, իսկ մեր ժամանակ եղել է 8,7: Սրա ի՞նչն է թռիչքային, բոլոր ցուցանիշներով այս կառավարությունը զիջում է մեզ: Մեր միջնաժամկետ ծրագրերը նայեք ու իրենը: Դու ասել ես քիչ-քի՞չ պիտի լավ լինի, ասել ես՝ ՀՀԿ-ն չլինի, շատ լավ է լինելու: Շոուներ է անում, հեսա մի շոու էլ Լոս Անջելեսում կանի: Նժդեհն ասում էր, թե ամենավատ բանը գինետնային հայրենասիրությունն է: Էն որ հայրենիքի համար ոչ մի բան չեն անում, ԱՄՆ-ում բաժակ են վերցնում ու ասում, թե ամեն ինչ հայրենիքի համար է: Ինձ համար հայրենասերը նա է, ով այստեղ ապրում է, ով իր գերեզմանին տեր է կանգնում, ով իր զավակին ծառայության է ուղարկում, ով կռիվ է տալիս, պայքարում է, քրտնում է ու այստեղ է մնում: Գնացել եք մոսկվաներ, լոսանջելեսներ ու այնտեղից մեզ խելք եք սովորեցնում, թե այստեղ ոնց ապրենք:
Ինչ վերաբերում է այդ զեկույցին, այդ տարիներին Հայաստանի վարկանիշը տարբեր միջազգային չափորոշիչներով բարձրացել է: Ճգնաժամն այն ժամանակվա ընդդիմության մեջ է եղել, որ այդպիսի պոպուլիստ լիդեր է ունեցել և հիմա իշխանություն է վերցրել: Սա միայն հայկական երևույթ չէ: Արևմտյան համապատասխան կենտրոնները ներմուծում կամ արտահանում են նման հեղափոխությունները: Եթե Եվրոպայի ամենամեծ երկրում՝ ՈՒկրաինայում, նման բան է լինում, մեզ մոտ դա ավելի հեշտ է ստացվում: Մենք շատ վտանգավոր փուլի մեջ ենք: Ես ընդհանրապես հեղափոխություններին դեմ եմ, իմ արժեքային համակարգով ավելի մոտ եմ նարոդնիկներին, որոնք ասում էին, որ պետք է մտնես ժողովրդի մեջ, ժողովրդին կրթես, հետո փոփոխություններ անես: Իսկ Կանտն ասում էր. «Ժողովրդավարություն պետք է տալ այն հասարակություններին, որտեղ կրթության և բարոյականության մակարդակը շատ բարձր մակարդակի վրա է»: Ամբոխի հոգեբանությամբ պետություն չեն կառուցում, այսօր դժբախտաբար մենք ամբոխի հոգեբանություն ունենք: Քաղաքացի լինելը միայն գոռալը չէ, քաղաքացի լինելը նախ պատասխանատվություն է ենթադրում: Նիկոլի ամենավտանգավոր հայտարարությունը, որը դեպի քաոս է տանում, այն է, թե բոլորը վարչապետ են: Բա եթե 3 մլն վարչապետ կա, ինչու միայն ինքն է ուղղաթիռով ֆռֆռում, թանկանոց շորեր հագնում, այս ու այն երկիր տուրիստական այցերով գնում, բայց մնացածները վատ են ապրում: Նա իր պոպուլիստական հայտարարությունների գերին է լինելու: Բայց մեր խնդիրը Նիկոլի անձը չէ, այլ երևույթը: Յուրաքանչյուր իշխանություն իր ժողովրդի հայելին է:
-Պոպուլիզմը մի կողմից, մյուս կողմից էլ անիրազեկությունն այս իշխանության ամենամեծ թշնամիներն են: Այս խնդրին առնչվեցինք, զորօրինակ, երբ ԽՍՀՄ-ը փլուզողների շարքում նա աշխարհով մեկ հնչեցրեց նաև Նազարբաևի ազգանունը։ Գոնե լավ է` վերջինս բավականին բարեկիրթ էր, չասաց` տղա ջան, գոնե ոչ հեռավոր պատմությունը սերտիր։ Նրա անիրազեկությանը, ավելի ճիշտ` անտեղյակությանը բախվեցինք նաև օրերս, երբ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով Արցախի անկախության օրը, գրեց. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Որպես պատմաբան, ինչպե՞ս եք գնահատում նման «շնորհավորանքը»:
-Խայտառակություն է, որ երկրի վարչապետը տեղյակ չէ, թե Սովետական Ադրբեջանից 1988-ի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումներով անջատվել ենք: Ինքը տեղյա՞կ է, որ հուլիսի 12-ին Արցախը դարձել է ինքնավար հանրապետություն՝ Ադրբեջանից անկախ, տեղյա՞կ է փետրվարի 20-ի որոշումից: 1991-ին մենք անկախացել ենք Խորհրդային Միությունից, այ ընկեր: Ի՞նչ Սովետական Ադրբեջան:
-Մեկ տասնյակ խորհրդական և օգնականներ ունի։ Մի՞թե մեկն ու մեկը չկարողացավ զգուշացնել, որ պատմական փաստեր է խեղաթյուրել:
-Այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ ոչ մեկը չի համարձակվում Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնել ու թույլ չտալ, որ նման բաներ անի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ասում են` շառից-փորձանքից հեռու: Նիկոլի մոտ նարցիսիզմն ամենաբարձր մակարդակի վրա է: Իմ մեջ երբեմն այնպիսի տպավորություն է, որ կարող է մի օր ֆուտբոլի խաղը միացնենք ու վարողը լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն տեղ ինքն է:
-Իշխանավորը, որ հայտարարում է, թե վատ ժառանգություն է ստացել, կունենա՞ այնքան ժամանակ, որ սելֆիներով ու տուրիստներով զբաղվի: Դուք լավ կիմանաք, Դուք էլ եք իշխանության եղել:
-Խորհրդարանական աշխատանքը ժամանակի առումով համակարգված չէ, առավոտյան 8-ին դուրս եմ եկել, գիշերը 2-ին տուն եմ մտել, այդքան գործ ենք ունեցել, բայց սրանք խալի լվանալով են զբաղված: Քաղաքականությունում կարևորն արդյունավետությունն է: Այս իշխանությունում մեկը վերջերս հայտարարեց, թե թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ-ում դիտորդ: Գլխներիդ ձյուն գա, արդեն դրանի՞ց եք ուրախանում: Ասեմ` իմացե՛ք. երբ ՀԱՊԿ պատվիրակության ղեկավար էի, ՀՀ պատվիրակության անդամներով 2 անգամ մերժել ենք մեր ռուս գործընկերների առաջարկը, ատոմային տերություն համարվող Պակիստանի առաջ էլ վետո ենք դրել: Բայց երբեք այդ մասին հեռուստատեսությամբ գլուխ չենք գովացել:
-Հայաստանի արտգործնախարարն օրերս խորհրդարանական դիվանագիտությունը դրական գնահատեց, Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ընդհանրապես Հայաստանի պաշտոնական դիվանագիտության մեջ նախարարն ի՞նչ է արել, որ մի հատ էլ դրական գնահատական է տալիս խորհրդարանին: Չենք հերքում` Զոհրաբ Մնացականյանը լավ դեսպան է եղել, բայց նա չի կարող սաստել, որ վարչապետը հիմար հայտարարություններ չանի: Նախարարը թող կանգնի ու ասի, թե Ժնևի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածությունից հրաժարվելն ի՞նչ էր նշանակում, արդյոք Դուշանբեում Փաշինյանը չընկա՞վ Ալիևի թակարդը: Դուք բերել եք Միլանի հայտարարություն, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացման փոխարեն գրված է արդար լուծում: Թուրքի համար արդար լուծումը մի բան է, ինձ համար՝ մեկ այլ: Ո՞րն է արդար լուծումը: Իբր իրական դիվանագիտությունը որոշ արդյունք է գրանցել, հիմա էլ խորհրդարանական դիվանագիտությունն են գովում: 6 ամսում այս խորհրդարանն ի՞նչ է արել: Ո՞ր ձեռքբերման մասին է խոսքը, որ Լավրովը կանգնեց ասաց` Հայաստանի ղեկավարը մի բան ասում է, հետո մեկ այլ բան անում: Որ Միքայել Հարությունյանի հետախուզումը չեղյա՞լ են համարել, որ Միհրան Պողոսյանին չե՞ն տալիս, որ գազը թանկացնելու՞ են: Փաշինյանը մեզ մեղադրում էր, թե կոռուպցիոն գործարքների մեջ ենք եղել, գազն էլ թանկ է, բա հիմա ինչու՞ չի էժանացնում: Որովհետև նա քաղաքական իմպոտենտ է կամ էլ խաբեբա: Պաշտոնապես հայտարարում եմ, թեև այսօր մենք խորհրդարանում չենք, բայց մեր գործընկերները մեզ հետ ավելի շատ են կապ հաստատում, քան այս իշխանության հետ: Ներկայիս իշխանությունը քանի՞ օտար երկրների պատգամավոր է բերել Արցախ, միայն ես 4 երկրի պատգամավոր եմ բերել:
-Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում նշեց, որ այսօր Արցախի իշխանությունների հետ որոշակի խնդիրներ կան, որոնք ընտրություններից հետո կհարթվեն: Երևի սպասում են հարթվեն, հետո՞ բերեն:
-Երկրորդեմ` Փաշինյանը եկել է քանդելու մեր բոլոր ինստիտուտները: Ինչու՞ մեր արտգործնախարարը չի կանգնում ու ասում, որ եթե Արցախի նախորդ ընտրությունների ժողովրդավար լինելը կասկածի տակ ես դնում, նշանակում է անում ես այն, ինչ Ադրբեջանը: 25 տարի է միջազգային հարթակներում պայքարել ենք ու ասել, որ Արցախն ի տարբերություն Ադրբեջանի ժողովրդավար պետություն է, դրսից պատգամավորներ ենք բերել, ովքեր փաստել են այդ իրողութունը: Հիմա այդ ողջ գործընթացը վարկաբեկու՞մ եք: Արցախում գոռում ես` միացում ու ասում. «Արցախը Հայաստան է ու վերջ», հետո ... հետ ես կանգնում խոսքերիցդ... Ռուսաստանն էլ Մարիա Զախարովայի դեմքով ապտակում է` հայտարարելով, թե դա ներքին օգտագործման համար էր ասված:
-Նախօրեին «Սասնա ծռերի» անդամները հանդիպեցին Փաշինյանի հետ և հայտարարեցին, որ ռևանշիստներին թույլ չեն տա վերադառնալ: Դուք ինչպե՞ս եք հասկանում «Սասնա ծռերից» հնչող նման սպառնալիքը:
-Դժբախտաբար Նիկոլ Փաշինյանի դեմքով ռևանշիստներտն են եկել իշխանության, իմա` Լևոն Տեր-Պետրոսյանի և, այսպես ասած, խաղաղության կուսակցության ներկայացուցիչները: 2018-ին մերժվել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի տեսակետը Արցախի հարցում: Քիրվայություն, տարածքների զիջում քարոզողները եկան իշխանության, ու այսօր Նիկոլը դա հաջողությամբ անում է: Հայրենասիրությունը ստահակների վերջին հանգրվանն է: «Սասնա ծռերի» հետ հանդիպելով Նիկոլն ուզում է ցույց տալ, որ իր կողքին միայն սորոսականները չեն, այլ ուժեղ, խփող տղերք: Բայց ով ուզում է լինի, մենք նրանցից չենք վախենում: Մենք մեր երկրում քաղաքացիական բախումներ թույլ չենք տա: Հայաստանում ցանկացած քաղաքացիական բախում Հայաստանի կործանմանը կհանգեցնի: Մենք չգնացինք բախման, ու դու իշխանության եկար մի պատճառով, որ չցանկացանք բախում լինի: Հիմա կողքիդ 7 «Սասնա ծռեր» էլ լինեն, բախում թույլ չենք տալու: Բայց եթե քեզ թվում է, որ կողքիդ երկու ահաբեկիչ պահեցիր ու մեզ դրանով կարող ես վախեցնել, թյուրիմացության մեջ ես: Իսկ «Սասնա ծռերին» մի քանի հարց ունեմ. երբ ԱՄՆ դեսպանը՝ Միլզը, հայտարարեց , թե խաղաղություն տարածքների դիմաց, 800 հեկտարը հետ բերող տղերք եք, ինչու՞ «Սասնա ծռերով» չարձագանքեցիք: Երբ Բոլթոնը եկավ Հայաստան ու ասաց, թե ժողովուրդը իր պատմական կաղապարներից պիտի ազատվի, որի մեջ մտնում էին ցեղասպանությունը և մեր ընկալումը Արցախի հարցում, ինչու՞ ծպտուն չհանեցիք: Դուք իրականում 5-րդ շարասյուն եք եղել: Հիմա մեր խնդիրը ռևանշիստներին օրենքով սահմանված կարգով պատմության աղբանոց ճանապարհելն է:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ