Լուրեր

«Նիկոլ Փաշինյան պատգամավորը պետք է իշխանությունից ճանապարհի Նիկոլ Փաշինյան վարչապետին». Էդուարդ Շարմազանով

01.08.2019

«Մեր իշխանության օրոք ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, մեր իշխանության օրոք է ընտրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այսօր պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական անհեթեթությունները, ընտրվել է գործող նախագահ Արմեն Սարգսյանը ու բազմաթիվ այլ դերակատարներ են ընտրվել: Այս նույն Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում, մեր իշխանության օրոք, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների կողմ է քվեարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե դատավորները արդարադատություն չեն իրականացնում երկրում, նման տեսակետ հայտնեց   ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
Հիշեցնենք «Ազատության»-ը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով դատական համակարգի և դատավորների մասին ասել էր. «Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»:
 
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց՝ ինքն ամաչում է, որ իր երկրի ղեկավարը կարող է նման վատ բառապաշարով խոսել.«Նիկոլ Փաշինյանը բացահայտ վիրավորում է դատական իշխանությանը: Ցանկացած այլ երկրում սա կդիտվեր ոչ թէ հակաժողովրդավարական, այլ՝ հակապետական և հակաէթիկական արարք»:
 
Վերջինիս կարծիքով՝ ՀՀ վարչապետն այս 1,5 տարվա ընթացքում քաղաքական բանավեճը զրոյացրել է.«Որովհետև ինքը չունի այդքան գաղափար ծրագիր, որպեսզի քաղաքական բանավեճը բերի նորմալ մակարդակի: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հոգեվարքի մեջ է»:
 
Շարմազանովը չի ժխտում՝ բարեփոխումների կարիք կա միշտ և կա ամենուրեք. «Առաջին բարեփոխման կարիքն ունի հենց Նիկոլ Փաշինյանը, բայց ինքն այլևս բարեփոխման ենթակա չէ: Փաշինյանն արդեն բոլոր տեղերում ձախողել է, և նա ստիպված պետք է ձախողի, որովհետև Նիկոլ Փաշինյան վարչապետը դեմ է դուրս եկել Նիկոլ Փաշինյան պատգամավորին, և Նիկոլ Փաշինյան պատգամավորը պետք է իշխանությունից ճանապարհի Նիկոլ Փաշինյան վարչապետին»,-ասաց նա:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին