Լուրեր

«Նիկոլ Փաշինյանն իր համար ելքի ռազմավարություն չի թողել, սրընթաց արագությամբ պրոցեսները տանում է դեպի իրավական եւ քաղաքական փակուղի».Արմեն Աշոտյան

29.07.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մեկ տարի անց շատերին տեսանելի է դարձել այն, ինչ իրենք տեսնում էին ի սկզբանե՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործընթացը բացառապես քաղաքական է:

 
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
 
«Այո, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, նա քաղաքական բանտարկյալ է: Այն իրավական փաթեթավորումը, որ փորձում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը տալ այդ գործին, որեւէ քննադատության չի դիմացել եւ չի դիմանում: Ակնհայտ է, որ գործի քավորը Նիկոլ Փաշինյանն է եւ այսօր՝ մեկ տարի անց կարող ենք խոսել նաեւ այդ գործի հետեւանքների մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արմեն Աշոտյանը՝ առանձնացնելով 2-րդ նախագահի շուրջ ընթացող զարգացումների մի քանի հետեւանք:
 
«Առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանի գործը ապացուցում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: Երկրորդ, այդ գործընթացի հետեւանքով Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է մեծ քաղաքականություն, երրորդ, Ռոբերտ Քոչարյանի գործի առիթով Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հսկայական հարձակում դատական իշխանության նկատմամբ՝ փորձելով նաեւ իր տակը մտցնել իշխանության այդ ճյուղը։ Այդ հարձակման թիրախում այս պահին Սահմանադրական դատարանն է ու ՍԴ նախագահը, բայց, հիշենք, որ դատարանների շրջափակման ակցիան եւ դրան հետեւած զարգացումները բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում են հրահրվել»:
 
Ըստ Աշոտյանի, հաջորդ հետեւանքն այն է, որ քաղաքական դրդապատճառներով հարուցված այս գործի պատճառով ունենք նաեւ ՀՀ միջազգային վարկանիշի անկում. «Այս իշխանությունները ոչ մի առիթով չէին ստացել այդքան սուր գնահատականներ դրսից, որքան դատարանների նկատմամբ հարձակման եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շրջանակներում ընթացող զարգացումների առիթով: Եվ, վերջապես, որքան էլ իշխանական քարոզիչները փորձեն խուսափել այս փաստն ընդունելուց, ակնհայտ է , որ Քոչարյանի գործոնը եւ այդ ողջ պրոցեսը նաեւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացրել են իրական կնճիռ»:
 
Այս ամբողջ գործընթացի ողբերգությունը, Արմեն Աշոտյանի խոսքով, այն չէ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որովհետեւ այդ մասով, ըստ նրա, գործընթացներն, ի վերջո, հաջողությամբ են պսակվելու, այլ ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում : «Նիկոլ Փաշինյանը իր համար, անգլերեն ասած, exit strategy՝ ելքի ռազմավարություն չի թողել, այսինքն, face saving –ի՝ դեմքը փրկելու հնարավորություն չի թողել եւ սրընթաց արագությամբ պրոցեսները տանում է դեպի իրավական եւ քաղաքական փակուղի, բայց եթե իրավական փակուղուց ՄԻԵԴ-ի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ, ապա քաղաքական փակուղուց դուրս գալու որեւէ ելք Նիկոլ Փաշինյանի համար չի մնում, իսկ եթե որեւէ ելք չի մնում, մշտապես կուտակված էներգիան ցնցումներով է դուրս գալիս: Բնության մեջ էլ է այդպես, ինչպես երկրաշարժերն ու հրաբուխները, այդպես է նաեւ քաղաքականության մե, եթե պրոցեսները փակուղի են մտնում, կուտակված էներգիան ֆորս մաժորային երեւույթներով է դուրս գալիս, ինչն, իհարկե, պետության համար վնասակար է»,-ասում է Արմեն Աշոտյանը:
 
ՀՀԿ փոխնախագահը նաեւ ընդգծում է՝ «Հանրապետական»-ը միակ քաղաքական կուսակցությունն է, որը Քոչարյանի գործի կապակցությամբ ընդունել է կուսակցական հայտարարություններ, հայտնել է հստակ դիրքորոշում ոչ միայն առանձին կուսակցական գործիչների հայտարարությունների մակարդակով, այլեւ կուսակցական մակարդակով:
 
Աղբյուր` Փաստինֆո

← Վերադառնալ ցուցակին