Լուրեր

«Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից».Արմեն Աշոտյան

27.07.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»։

 
Փաստորեն, Նիկոլին պատկանող և Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջևանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն և անհեթեթ քարոզչությունը:
 
Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ և շինծու քարոզարշավը:
 
Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերվում է “Նիկոլի թշնամիներ” արտահայտությանը: Երկրի ներսում ոչ մենք ունենք թշնամիներ, ոչ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարը ատելության խոսքի դասական դրսևորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին:
 
Իսկ “անգիտակից մարդիկ” արտահայտությունը ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամնեը հիշեցնեմ, որ այդ “անգիտակից մարդիկ” են բերել Ձեր որդուն իշխանության:
 
Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից; Դա ճիշտ չէ որ մարդկային և ոչ քաղաքական առումներով:
 
Եթե տիկինոջը արդեն անհնար է, ապա գոնե ընտանիքի մյուս անդամներին: Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել և ներքաշել քաղաքական պայքարի մեջ»:

← Վերադառնալ ցուցակին