Լուրեր
ՀՀԿ ԳՄ հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ
26.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.
• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում:
• Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։
• Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է, որով փորձ է արվում նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:
• Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին և միջազգային վարկանիշին։ Միաժամանակ ընդգծում ենք, որ առնվազն զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով:
• Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
• Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների և դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են:
• Հանրապետականն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով։
ՀՀԿ Գործադիր մարմին