Լուրեր
«Ինչպե՞ս է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պայմաններում». Աշոտյանը՝ Սփյուռքի նորանշանակ հանձնակատարին
14.06.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սփյուռքի նորանշանակ հանձնակատարին չեմ ճանաչում։ Չունեմ որևէ անձնական խնդիր կամ կանխակալություն:
Ուստի հարցին ուզում եմ անդրադառնալ բացառապես քաղաքական տեսանկյունից:
1. Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն: Որպեսզի նա կարողանա միավորող դերակատարություն ստանձնել, շատ կարևոր է ի սկզբանե անաչառ և ոչ կանխակալ լինելու հանգամանքը: Կար ներքին զգացողություն, որ այդ անձը պետք է հայաստանցի լինի, որպեսզի կարողանա հավասար վստահություն ունենալ Սփյուռքի բոլոր համայնքներում:
2. Հայկական Սփյուռքը նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոն է, քանզի ներկայացված է շատ տարբեր երկրներում: ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Մերձավոր Արևելք՝ այս, երբեմն իրարամերժ քաղաքական շահեր ունեցող պետություններում հայկական համայնքները լուրջ գործոն են: Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատաքնի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցիացվող մարդու: Ինչպե՞ս է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պայմաններում:
Իհարկե, Սփյուռքի ներուժը պետք է լավագույնս օգտագործվի ի շահ բոլորիս: Դրա համար կան բազում այլ տարբերակներ և լուծումներ: Սակայն վստահ եմ, որ իմ բարձրաձայնած երկու կարևորագույն հարցերին տվյալ նշանակումը ոչ միայն չի համապատասխանում, այլև կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել»: