Լուրեր
«Ուրախ եմ, որ ԵԺԿ-ն անկախ պոպուլիստական ազդեցություններից, կարողացավ խորհրդարանում մեծամասնություն ունենալ». Լիլիթ Բեգլարյան
30.05.2019
Օրերս Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացավ Ժողովրդավարության միջազգային համաժողովը: 34 երկրների պատվիրակների թվում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպութայն արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած համաժողովին մասնակիցները քննարկումներ են ունեցել ժողովրդավարական գործընթացների, գործողությունների մշակման, պոպուլիզմի, խորհրդարանական գործունեության մասին աշխարհի առաջ ծառացած քաղաքական խնդիրների մասին:
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը համաժողովին հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի հանրապետական կուսակցության և այլ միջազգային կառույցների համագործակցության, Եվրոպական խորհրդարանի ընտրութունների մասին:
«Շնորհավորում եմ իմ գործընկերներին գրանցած հաղթանակի համար: Եվրոպական քաղաքական լանդշաֆտում հայտնվել են նոր խաղացողներ, նվազել է ցուցաբերվող աջակցությունը հիմնական մեծ կուսակցություններին, միաժամանակ առաջ են եկել պոպուլիստներ թե՛ ծայրահեղ աջ, թե՛ ձախ կողմում: Ուրախ եմ, որ այս պայմաններում ՀՀԿ քույր կուսակցությունը՝ ԵԺԿ-ն (EPP) կարողացավ խորհրդարանում մեծամասնութուն ունենալ: Հույս ունեմ, որ ԵՄ օրենսդիր մարմնում մեր գաղափարակից գործընկերների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի ԵՄ առաջ ծառացած մարտահրավերներին ընդհանուր լուծումներ գտնելուն»,- նշել է Լիլիթ Բեգլարյանը:
Նշենք, որ ՀՀԿ ներկայացուցիչը եղել է նաև Իսպանիայի ժողովրդական կուսակցության (PP) գրասենյակում, մասնակցել ընտրության արդյունքների ամփոփմանն ու քննարկել համագործակության ուղիները:
Ի դեպ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության թեկանածուներից Ժոզե Լուիս Մարտինեզ-Ալմեիդան օրեր առաջ ընտրվել է Մադրիդի քաղաքապետ, իսկ Իզաբել Դիաս Այուսոն Մադրիդ համայնքի ղեկավար։