Լուրեր

Նիկոլ Փաշինյանի առաջարկած հանրաքվեն Արցախի հարցը փակուղի է տանելու. ՀՀԿ ԳՄ անդամ

30.04.2019

 «Երբ դու թաքնվում ես ժողովրդի թիկունքում եւ ասում`տեսեք, ժողովուրդ, խիստ պարտվողականից մինչեւ հաղթողական տարբերակները կան`ընտրեք… այդպիսի քաղաքական գործիչ չի լինում»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում իր տեսակետն արտահայտեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը`անդրադառնալով օրերս ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ հայ հասարակությունը չի ձեւակերպել, թե ինչպե՞ս է տեսնում Արցախի հարցի կարգավորումը եւ երկրի որեւէ ղեկավարի չի պատվիրակել`այդ կերպ հարցը լուծել. «Երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»:

Գագիկ Մինասյանն ասում է`ընդունված է, որ քաղաքական գործիչն ինքն է դուրս գալիս եւ երկրի կարեւորագույն խնդիրների հետ կապված իր տեսակետները ներկայացնում հանրությանը` հիմնավորելով, թե ինչո՞ւ է հենց այդ մոտեցումը ճիշտ: «Սա խոսում է այն մասին, որ մենք գործ չունենք մի քաղաքական գործչի հետ, որը պատրաստ է իր սեփական տեսակետները պահպանել` ընդհուպ մինչեւ իր պարտությունը»,- ասում է բանախոսը` հավելելով, որ եթե ընդունենք տեսական մի տարբերակ, երբ Արցախի հարցով հանրաքվե է իրականացվում, ինչ-որ մի որոշում է ընդունվում, հետո, Իլհամ Ալիեւն է Ադրբեջանում հանրաքվե անցկացնում եւ նույնպես ինչ-որ մի որոշում է ընդունվում. «Ի՞նչ է լինելու հետո»: Իր համոզմամբ, սա հանգեցնելու է բանակցային գործընթացի փակուղու: 

 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 
 
aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին