Լուրեր

​​​​​​​«Գտել եմ իմ գաղափարախոսությանը եւ մտածելակերպին ամենահարիր կուսակցությունը». ՀՀԿ շարքերը համալրվում են

24.04.2019

Տասնյակ երիտասարդներ ցանկություն են հայտնել անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանն եւ համալրելու կուսակցության երիտասարդական թեւը։ Նրանք երեկ ՀՀԿ գրասենյակում էին եւ հանդիպեցին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Ինչպես նշեց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ, այստեղ հավաքված են երիտասարդներ, որոնք իշխանափոխությունից հետո ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին. «Մեզ բոլորիս միավորում է այն, որ մենք ուժեղ ենք, քանի որ երիտասարդները որոշել են ՀՀԿ անդամ դառնալ այն ժամանակ, երբ կուսակցությունն այլեւս իշխանության չէ։ Մեզ նաեւ միավորում է այն, որ պետական կառավարման համար բավարար չէ միայն Գյումրիից Երեւան քայլելը, պետք է նաեւ բավարար իմացություն։ Նաեւ, որ չենք պատկերացնում, որ Արցախի հարցը կարող է լուծվել վերելակում»:

Թե ինչու որոշեցին մի շարք երիտասարդներ անդամագրվել ՀՀԿ-ին, փորձեցինք պարզել երիտ ՀՀԿ-ական ԱՐՄԵՆ ԱԼՈՅԱՆԻՑ:

«Առհասարակ պատկերացնելով ինձ քաղաքականության մեջ, որպես քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետությունում, գտել եմ իմ գաղափարախոսությանը եւ մտածելակերպին ամենահարիր կուսակցությունը: Դեկտեմբերի 10-ին անդամագրվել եմ որպես ՀՀԿ անդամ եւ պատրաստվում եմ իմ գիտելիքները ներառել ու ինչքան հնարավոր է գիտելիքներ քաղել, որովհետեւ այդպես եմ պատկերացնում իմ կյանքի շարունակությունը», - ասաց երիտասարդ ՀՀԿ-ականը:

Հարցին, թե որքանով է կաշկանդում լինել ՀՀԿ-ական, երբ այսօրվա իշխանությունն առիթը բաց չի թողնում անընդհատ քննադատելու հանրապետականներին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Չունեմ գործած քայլեր եւ հաշվի առնելով, որ պատրաստվում եմ որպես քաղաքական գործիչ շատ դրական, միայն ազգանպաստ, ազգանվեր քայլեր անել եւ լինելով նժդեհյան գաղափարախոսության կրողը՝ գտնում եմ, որ  չարած բանի համար չեն քննադատում: Առաջնորդվում եմ նրանով, որ անելիքներից հետո կմտածեմ քննադատության մասին: Իսկ թե կուսակցությունը, որպես այդպիսին, ինչ քննադատությունների ու  չարախոսությունների է ենթարկվում, ինձ թվում է՝ ես չեմ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ»:

Ի դեպ, նորաթուխ  ՀՀԿ-ականը նաեւ հավելեց, որ իր շրջապատում շատ լավ են ընդունել ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումը, թեպետ բոլորը չեն, որ հանրապետական են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

 

 

← Վերադառնալ ցուցակին