Լուրեր

«Անվտանգության հարցում իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում».Էդուարդ Շարմազանովը՝ օտարերկրյա գործակալներից

19.04.2019

Դեռ ԱԺ փոխախագահ եղած ժամանակ ես նշել եմ, որ անվտանգությունը մեր պետության համար ամենակարևոր մարտահրավերն է: Այսօր ունենք այն, որ երկրի վարչապետն Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Անցել է մեկ ամիս ավել ժամանակ, սակայն ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացրել: Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Նա լռում է, սակայն պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը նման բան է հայտարարում, սակայն ՀՔԾ-ն նրան չի կանչում հարցաքննության, կամ վարչապետն է անլուրջ վերաբերում պետությանն ու իր պաշտոնին, կամ այսօրվա քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

 
ԱԺ Նախկին փոխխոսնակը անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ Հայաստանն առաջնագծում լուրջ խնդիրներ ունի. «Սա խայտառակ իրավիճակ է: Վարչապետը հայտարարում է, որ օտարերկրյա գործակալներ կան, սակայն անուններ չի տալիս: Ու այդ վարչապետն իրավունք ունի աշխատելո՞ւ:  Իշխանական պատգամավորը խոսում է առաջին գիծը պահելու հետ կապված լուրջ խնդրի մասին: Ու այս իշխանությունն իրավունքի ունի՞ խոսելու  անվտանգությունից»:
 
Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի օգոստոսյան հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել.«Ես մի պահ ուրախացա, սակայն հետո հասկացա, որ Փաշինյանը կամ էյֆորիայի տակ է, կամ կատակ է արել, որովհտեև եթե այդպես է, ինչո՞ւ գազը թանկացավ, ինչո՞ւ Փաշինյանի ֆրակցիայի ներկայացուցիչները հարց բարձրացրեցին ռուսական պետական լրատվամիջոցների մասին, ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցները չպաշտպանեցին Հայաստանի թեկնածուին, ինչո՞ւ ոչ Փաշինյանի և ոչ Պուտինի պետական այցեր չեն եղել: Փայլունը խոսքերով չէ, արդյունքներով է»:
 
Շարմազանովի համար տարօրինակ է նաև այն, որ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ապրիլին խոսեց սակայն «ծպտուն չհանեց Հայոց ցեղասպանության մասին՝ սակայն դրա փոխարեն խոսեց իր դմփ-դմփ հու հեղափոխությունից»: Շարմազանովը նկատեց՝ պատկերացնո՞ւմ եք երեք նախագահներից որեւէ մեկը ապրիլին ելույթ ունենար եւ ցեղասպանության դատապարտման վերաբերյալ որեւէ խոսք չասեր: Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ցեղասպանությունը հայտարարված չէր որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն, ըստ Շարմազանովի՝ երկրի ղեկավարի լռությունն անհնար կլիներ: 
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին