Լուրեր

«Մեր իշխանությունը երկրի անվտանգության հարցում քաղաքական իմպոտենցիայով է տառապում».Էդուարդ Շարմազանով

19.04.2019

Վարչապետը Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, բայց ուժային կառույցները որեւէ գործողություն չեն իրականացնում, իսկ դա վկայում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը եւ իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է անվտանգության հարցը:

 
«Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ու երբ ՀՔԾ-ն ում ասես հրավիրում է հարցաքննության եւ չի կանչում վարչապետին հարցնի, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները նշանակում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը եւ իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Անհնար է՝ մի երկրում պետության ղեկավարը խոսի օտարերկրյա քաղաքական գործակալների մասին եւ դրան զրո արձագանք լինի»,- նշեց Շարմազանովը:
 
Նա նաեւ հիշեցրեց, որ Փաշինյանի թիմի շատ հայտնի գործիչներից մեկը նշել է, որ առաջնագծում առկա է մեծ խնդիր. «Սա ես չեմ ասում, սա իրենք են ասել: Այսինքն սա խայտառակ իրավիճակ է: Ու այսքանից հետո, այս իշխանությունն իրավունք ունի՞ խոսել անվտանգությունից, անվտանգության ամրապնդումից»:
 
news.am

← Վերադառնալ ցուցակին