Լուրեր

«Կարմիր տեռորի ու ֆաշիստների, կեղծ սիրո ու մտահոգիչ խաղաղասիրության, ինչպես նաև օտարերկրյա գործակալների մասին».Էդուարդ Շարմազանով

12.04.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«Երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթական

մեկնաբանությունը Փաշինյանի կողմից:
 
Հերթով՝
 
• Ասում է՝ սերը հաղթեց օլիգարխիային...Սիրո մասին. այդ կեղծ սիրո ու սուտի համերաշխության քարոզիչները որտե՞ղ են տեսել դագաղներով, սև ժապավեններով, տոտալ հայհոյանքներով և շանտաժով ու սպառնալիքով սեր:
Հիշեցի բոլշևիկներին, որոնք կարմիր տեռոր էին իրականացնում, ցարական ընտանիքին գնդակահարում էին և հայտարարում, թե դա արվում է հանուն Ռուսաստանի նկատմամբ սիրո:
 
Փաշինյանը թող ինքն իրեն հարց տա՝ իսկ ու՞ր են հիմա այդ բոլշևիկները:
 
Օլիգարխներին մի վայրկյանում խոշոր սեփականատեր հռչակելով՝ Փաշինյանը ձևն է փոխում, ոչ թե բովանդակությունը: Եթե Փաշինյանը լավ նայի աջ ու ձախ կողմերը, կտեսնի,որ օլիգարխիան ոչ միայն կա, այլ նույնիսկ ծաղկում է իր հետ միասին:
 
• Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարության հաղթանակ: Այդ որտե՞ղ է տեսել ժողովրդավարություն, որտեղ ԱԱԾ-ով են վախեցնում, ասֆալտին պառկեցնում, քաղաքացիներին նվաստացնում, վզից բռնում, շինծու քրեական գործեր հարուցում: 20-րդ դարի 30-ականներին Գերմանիայում մի ստահակ կար. մարդկանց միլիոններով ոչնչացնում էր և հայտարարում, թե իր շարժումը մաքուր քրիստոնեական է:
 
• Փաշինյանն ասում է՝ Ալիևի հետ ազնիվ և կառուցողական զրույց են ունեցել ու աջ ու ձախ շռայլում խաղաղասիրական խոսքեր:
 
Խաղաղասիրությունը լավ է, երբ դիմացինդ է խաղաղասեր:
Հիշեցման կարգով ասեմ, որ 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը Մյունխենում խաղաղասիրական պակտ կնքեց Մուսոլինիի և Հիտլերի հետ ու գլուխ էր գովում, թե խաղաղություն է բերել Մեծ Բրիտանիային:
 
Ընդամենը 1 տարի անց Հիտլերը սկսեց 2-րդ աշխարհամարտը: Պատմությունից դասեր պետք է քաղել: Եթե չես քաղում, նա քեզ դաժանորեն պատժում է:
 
• Փաշինյանը Իրանում խոսեց օտարերկրյա գործակալների մասին:
 
Սպասում էի, որ գործակալների անունները կհնչեցներ Ստրասբուրգից: Չհնչեցրեց. տեսնես՝ վախեցա՞վ, թե՞ անուններն է մոռացել»:
 

← Վերադառնալ ցուցակին