Լուրեր

«Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում թույլ էր. արտաքին քաղաքականությունը նրա աքիլեսյան գարշապարն է».Արմեն Աշոտյան

11.04.2019

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բռենդը դրսում այլեւս չի վաճառվում, եւ բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին եւ անվտանգայիմ քաղաքականությունը չի կարելի։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում   գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում դրոշակ դարձած «խաղաղասիրական» քաղաքականության դիսկուրսը տարօրինակ է։
 
 
Ի՞նչ է նշանակում խաղաղության նախապատրաստել։ Եթե նկատի ունի ատելություն քարոզչությունը, ապա ոչ Հայաստանում, ոչ Արցախում նման քարոզչություն չկա, և տվյալ դեպքում պետք էր բացառապես շեշտել Ադրբեջանը։
 
Իսկ եթե կարգավորման հարցում փոխզիջումներին նախապատրաստելու մասին է, ապա մինչև հայտնի չլինեն կարգավորման սկզբունքները և պայմանները, խաղաղության օրակարգ ձևավորվել չի կարող։
 
Խիստ տարօրինակ էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որևէ հիշատակման բացակայությունը։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին։
 
Փաշինյանը ակնհայտորեն սվաղեց քաղաքական հիմքով հետապնդումների մասին հարցը։
 
Տհաճ է արձանագրել, որ ՀՀ վարչապետը իր ներքին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ավելի ագրեսիվ է և անհանդուրժող, քան արտաքին աշխարհի մեր հակառակորդների հանդեպ։
 
Իսկ վերջում հիշեցնեմ, որ Հայաստան-ԵՄ այդքան գովերգվող համաձայնագիրը, որը Նիկոլ Փաշինյանը համարեց բարեփոխումների օրակարգ, բացառապես նախորդ իշխանությունների և անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքբերումն է։
 
Արտաքին քաղաքականությունը մնում է Փաշինյանի աքիլեսյան գարշապարը»։

← Վերադառնալ ցուցակին