Լուրեր

Արցախի հարցը միասնական պետք է լինի, և խնդիրն ազգովի պետք է լուծվի․ Վահրամ Բաղդասարյան

02.04.2019

1992 թվականից հետո մենք որևէ անգամ չենք համարել, որ պատերազմը որևէ օր ավարտվել է։ Տեսնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ մենք իրավունք չունենք պատերազմն ավարտված համարելու, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը։

 
«Երեք տարի առաջ տեղի ունեցածն աշխարհին ցույց տվեց, որ ցանկացած ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարող է միաբանվել, երբ խնդիրը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ Ես խոնարհվում եմ մեր զոհերի, նրանց մայրերի առջև։ Ապրիլյան պատերազմը դաս էր ոճրագործներին, որ չի կարելի նման լեզվով մեր երկրի հետ խոսել», - ասաց նախկին խորհրդարանականը։
 
Հարցին՝ պատրաստ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հարցում խորհրդակցել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս նման առաջարկով հանդես գա, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.
 
«Երբ հարցը վերաբերել է Արցախին կամ հայ-թուրքական հարաբերություններին, որևէ մեկս ընդդիմադիր կեցվածք չենք ունցել, եղել ենք միասնական։ Արցախի հարցը միասնական պետք է լինի, և խնդիրն ազգովի պետք է լուծվի։ Առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների կարծիքը լսելու ոչ մի քայլ չի արվել»։
 
Slaq.am

← Վերադառնալ ցուցակին