Լուրեր

Խորհրդանշական համընկնում. ՀՀԿ-ականները Արցախ այցը մեկնարկեցին Դադիվանքում՝ մոմավառությամբ

02.04.2019

Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան,  Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան եւ այլք, մեկնել են Արցախ:

Կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար:

Մոմավառություն Դադիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների մոմավառությամբ: Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Այս պահին Արցախում ենք՝ հռչակավոր Դադիվանքում: Այստեղ ամբողջությամբ տիրում է հայկականություն և քրիստոնեության հաղթական ոգին: Այդ հաղթանակը կերտել են մեր նահատակված և կենդանի հերոսները:

Համոզված եմ՝ մեր ազգի մեծ հաղթանակները դեռ առջևում են:  Ինչպես կասեր Նժդեհը. «Հոգեպես մանրանում և ճահճանում են միայն ներկայով կլանված ազգերը: Կես կյանքով են ապրում ապրում այն ժողովուրդները, որոնք իրենց կյանքին չեն խառնում իրենց անցյալի պատկերն ու ապագայի հույսերը»:

Այստեղ՝ Արցախում, կամրջվում են մեր ազգի անցյալի պատկերն ու ապագայի լուսավոր հույսը:

Հ.Գ. 1990թ. ապրիլի 2-ին Աշոտ Նավասարդյանը Անկախության բանակի հիման վրա հիմնադրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի նպատակն էր ազգային ու հզոր պետականության կերտումն ու Արցախի ազատագրումը:

Հիմնադրումից 29 տարի անց մեզ՝ հանրապետականներիս համար, Արցախի հարցի հայանպաստ լուծումը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթություններից մեկը: Մեր աղոթքներն առ Աստված՝ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայոց Սփյուռքի եռամիասնությանն է ուղղված:

Հավերժ փա՜ռք, մեր նահատակ հերոսներին:

← Վերադառնալ ցուցակին