Լուրեր
ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանին
02.04.2019
Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համազգային հարցերում միասնական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատար կանգնել արցախահայության նպատակների իրականացմանը:
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան դեպքերի երրորդ տարելիցի օրը մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության ու անկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախի անկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»:
Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Մամիջանյանը եւ Գեորգի Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը: