Լուրեր

Պաշտոնական և ոչ թե «սիլի-բիլիների» հանդիպում է, ինչ ասվեց, կարող է օգտագործվել մեր դեմ. Ա. Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

28.03.2019

Սա պաշտոնական հանդիպում է և «սիլի-բիլիների» հանդիպում չի լինելու, ինչպես ասում էին նախորդ երեք հանդիպումների մասին՝ զրուցում էինք, ոչ պաշտոնական էր: Այս մասին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

 
«Ամերիկյան ֆիլմերի նման՝ ինչ ասվեց, կարող է օգտագործվել մեր դեմ: Այս գիտակցումը շատ կարևոր է: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կունենա այդ իմաստությունը, որպեսզի հիմնարար սկզբունքների մեջ գտնի ճիշտ բառապաշարը»,- ասաց նա:
 
Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ է արցախյան հիմնախնդրի հարցով քաղաքական մեկտեղման պրոցեսի. «Մեկտեղում չի նշանակում, որ բոլորս Նիկոլ Փաշինյանի ձայնով խոսենք, զանգենք Ալիևին և իր ձայնով խոսենք, բայց մեկտեղում նշանակում է, որ մեր քաղաքական տարաձայնություններից զատ մենք պետք է գտնենք այն շրջանակը, որը մեզ միավորում է ավելին, քան այն հարցերը, որոնք մեզ տարանջատում են»:
 
Ըստ նրա՝ իշխանությունից եկող ազդակները դրական չեն տնտեսության, անվտանգության, Հայաստանի միասնականության համար: «Երկրի զարգացման հեռանկարի տեսակետից ծրագրերը չեն ստացվում, և, ցավոք սրտի, հանրային կարծիքը կերակրելու, սնելու համար օգտագործվելու են այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են: Կարծում եմ՝ դրանք գնալով մաշվելու են»,- նշեց Արմեն Աշոտյանը:

← Վերադառնալ ցուցակին