Լուրեր

ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի՝ ԼՂ-ին վերաբերող դրույթները պետք է լինեն համադրելի, եթե ոչ նույնը ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներին․ Արմեն Աշոտյան

27.03.2019

Քաղաքակրթական, արժեհամակարգային տեսակետից ՀՀ-ն Եվրոպայի ճանապարհին չէ, Հայաստանը Եվրոպա է: Եթե խոսում ենք աշխարհաքաղաքական տեսակետից, ապա Հայաստանը նորից Եվրոպայի ճանապարհին չէ, այլ Եվրոպայի հետ համագործակցության ճանապարհին է:

 
«Կոնրադ Ադեանաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով քննարկման ժամանակ վերնագրի վերաբերյալ իր նկատառումն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ դիմելով միջոցառման կազմակերպիչներին, որ իր դիտարկումն ընդունեն որպես կոնստրուկտիվ քննադատություն: «Սա արժեհամակարգին դիտարկում է, թե ինչպիսին է Հայաստանի վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ՝ լինելով եվրոպական պետություն Եվրասիական տարածքում»,- ասաց նա:
 
ԵՄ-ի հետ ընտրած հարաբերությունների զարգացման ճանապարհը, ըստ Արմեն Աշոտյանի, հաջողել է, և այսօր արդեն կարելի է ասել, որ երեկ, այսօր, վաղը Հայաստանը կայուն, վստահելի գործընկեր է եղել, կա և լինելու է, և «և՛, և՛»-ի  քաղաքականությունն իրականություն է, այլ ոչ թե խոստում: «Եթե խոսում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, ապա ընդունված է կենտրոնանալ CEPA-ի վրա, և դա ճիշտ է,- ասաց նա՝ նկատելով, որ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղում է,- Ցավոք, ԵՄ անդամ երկրները չեն արագացրել համաձայնագրի վավերացման գործընթացը»:
 
Ըստ Արմեն Աշոտյանի՝ վավերացման արագությունը կարող էր լինել ավելի բարձր, և այդ գործընթացում իր դերը պետք է կատարեր խորհրդարանական դիվանագիտությունը: Վավերացման գործընթացը նախկին խորհրդարանականը չհամարեց պարզապես իրավական գործընթաց, որը ընդդիմության «կապրիզ» է: «Այն տալու է վերջնական, իրավական ուժ: Համաձայնագրի անցումային դրույթներում ներկայացված է, որ մինչև վերջնական վավերացումը ԵՄ-ի կողմից այս համաձայնագրերը չեն ունենում վերջնական իրավական հիմք»,- ասաց նա:
 
Նա նաև նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք: «Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկը արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձևակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար»,- ասաց նա:
 
Արմեն Աշոտյանի նկատառմամբ՝ Հայաստանի համար կարևոր է, որ Եվրամիության ու Ադրբեջանի միջև Համապարփակ համագործակցության համաձայնագրի՝ Արցախի հիմնահարցին վերաբերող դրույթները համադրելի լինեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում Արցախի վերաբերյալ տեղ գտած դրույթների հետ: 
 
«Հայտնի է, որ Եվրամիությունն ու Ադրբեջանը վերջնականացնում են Համապարփակ համաձայնագրի նախաստորագրման արարողությունները։ Իհարկե, չենք կարող, ու կարիքը չկա կանխելու այդ համաձայնագիրը։ Բայց մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ նույնը, քանի որ Եվրամիությունը չի կարող իրար հակասող, իրավական ուժ ունեցող, երկու համաձայնագիր ունենալ։ Սա հարց է, որ դրվել է, ու այսօրվա իշխանությունների կողմից էլ պիտի դրվի ԵՄ գործընկերների առջև», - ասաց Արմեն Աշոտյանը։

← Վերադառնալ ցուցակին