Լուրեր
Էջմիածնում գովազդային վահանակ տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է այն տրամադրել ՀՀԿ-ին
30.11.2018
Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը:
Այն դեպքերում, երբ խոսքը սահմանափակ ռեսուրսի մասին է, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ:
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն:
Մասնավորապես` նախատեսել է հատուկ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերես ունեցող գովազդային վահանակներ տնօրինող այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են դրանք տրամադրել քարոզչության համար: Այդ հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխում է ցուցանակները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև:
Բաշխումը իրականացնելուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կազմակերպությունը պարտավոր է կնքել պայմանագիր կուսակցության հետ, եթե այդ կուսակցությանը բաժին է ընկել համապատասխան վահանակը:
Կազմակերպության կողմից վահանակը տրամդրելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտել է, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արարք:
Նման դեպք տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել: Այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը տրվել է հայտարարություն հանցագործության մասին:
Սակայն արդեն անցել է երեք օր, սակայն որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել:
Փաստորեն պետական մարմինը ևս դրսևորում է անգործություն: Իսկ ո՞ւմ է պետք պետական մարմնի արձագանքը նախընտրական քարոզչության ավարտից հետո:
Տեղական և միջազգային դիտորդների ուշադրությունն ենք հրավիրում նման խտրական մոտեցման և ընտրական օրենսդորւթյան կոպիտ խախտման վրա: