Լուրեր

Թվային հեղափոխությունը և էվոլուցիան. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են YEPP-ի 12-րդ համագումարին

05.11.2018

Նոյեմբերի 1-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 12-րդ համագումարը:
 
«Թվային հեղափոխություն և էվոլուցիա. Եվրոպայի պարտքն է առաջնորդել» խորագիրը կրող հավաքին մասնակցել են նաև Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:
 
Համագումարին ելույթ են ունեցել հայտնի պետական և քաղաքական գործիչներ, այդ թվում նաև «Նեո Դեմոկրատիա» կուսակցության ղեկավարը:
 
Համագումարի շրջանակում պատվիրակները քննարկել են թվայնացման դարաշրջանում ժողովրդավարության և էլեկտրոնային կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց կիրառման մեջ Եվրոպան ջանում է առաջատար դիրք է զբաղեցնել:
 
Օրակարգում նաև YEPP խորհրդի և ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նոր կազմի ընտրությունն էր: 33 երկրի 175 պատվիրակի քվեարկությամբ խորհրդի ղեկավար ընտրվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Անա Լիդիա Պերեիրան, իսկ գլխավոր քարտուղար՝ Իռլանդիայի պավիրակ՝ Այլին Լինչը:
 
Ի դեպ կառույցի պատմության մեջ առաջին անգամ խորհուրդը կին է ղեկավարում:
 
YEPP-ը Եվորպայում ամենամեծ երիտաարդական կառույցն է, որին անդամակցում են 40 եվրոպական երկրի 64 երիտասարդական կազմակերպությունների ավելի քան 1,6 միլիոն անդամ: 21 տարվա պատմություն ունեցող եվրոպական քաղաքական ընտանիքին ՀՀԿ ԵԿ-ն միացել է 2015 թվականին:

← Վերադառնալ ցուցակին