Լուրեր

Կանայք ու քաղաքականությունը. ՀՀԿ ԵԿ անդամները Բեյրութում էին

31.10.2018

Հոկտեմբերի 27-ից 30-ը Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մասնակցել են «Կանայք ու քաղաքական ազդեցությունը» ծրագրին:

 

Ռոբերտ Շումանի ինստիտուտի և «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի ջանքերով կազմակերպված ծրագրին մասնակցում էին Հայաստանի և Լիբանանի 4 կուսակցությունների երիտասարդ քաղաքական գործիչները: ՀՀԿ ԵԿ պատվիրակներն էին՝ Լիլիթ Բեգլարյանը, Վարդուհի Սարգսյանը և Աննա Մկրտչյանը:

 

Լիլիթ Բեգլարյանի խոսքով քաղաքական ոչ ֆորմալ կրթությունը անհրաժեշտ է երիտասարդ քաղաքական գործիչներին իրենց հմտությունները զարգացնելու ու գիտելիքները հարստացնելու համար:

 

Քաղաքական օրակարգի ձևավորում, երկխոսություն, քաղաքական կերպարի առաջխաղացում, կուսակցության ներսում արդյունավետ ներկայացում: Այս թեմաներով դասախոսել և իրենց փորձով են կիսվել պետական և քաղաքական հայտնի գործիչներ: Բացի այդ երիտասարդ քաղաքական գործիչները քննարկումներ են անցկացրել նաև կլոր սեղան ձևաչափով:

 

Մասնակից Աննա Մկրտչյանի կարծիքով ծրագիրը լրացուցիչ հարթակ դարձավ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին խոսելու, խնդիրները քննարկելու և դրանց լուծումները գտնելու համար: 

 

«Հարթակ էր, որտեղ խոսվում էր Հայաստանի և Լիբանանի քաղաքական իրավիճակի և այդ ոլորտում կանանց տրվող հնարավորությունների մասին»,- նշեց Աննա Մկրտչյանը:

 

Ծրագրից սպասելիքներն արդարացված են նաև մյուս մասնակից Վարդուհի Սարգսյանի համար:

 

«Կարևոր էր լսել թիմային աշխատանքի, քաղաքական հաղորդակցության, անձնական քաղաքական բրենդի վերաբերյալ նոր մոտեցումներ: Ստացա նոր տեղեկություններ ու հմտություններ, որոնք կկիրարկեմ արդեն գործնականում՝ քաղաքական գործունեությանս ընթացքում»,- ասաց Վարդուհի Սարգսյանը:

 

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Ռոբերտ Շումանի ինստիտուտի արդյունավետ համագործակցության արդյունքում ԵԿ անդամներ մասնակցում են մի շարք միջազգային ծրագրերի, ձեռք բերում հմտությունները, իսկ այլ երկրների երիտասարդ քաղաքական գործիչների հետ շփումը փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է:

 

← Վերադառնալ ցուցակին