Լուրեր

ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը

05.06.2018

ԱԺ Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի ընդունմանը: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք պետք է հնարավորություն տանք, որ ծրագիրն  իրականացվի, և անհրաժեշտ ձայներ կապահովենք: Արհեստական խոչընդոտներ չեն հարուցի ծրագրի ընդունմանը»:
  
Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի բովանդակությանը՝ ԱԺ փոխնախագահն այն գնահատել է, որպես «բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, այլ ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր»:

«Այս ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը: Մենք այս կառավարությանը տվել ենք 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և կարծում եմ, որ այնուհանդերձ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչպիսի զարգացման տեմպեր պետք է ապահովվի, չմոռանանք, որ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը. չկան»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ կառավարության ծրագրում տարբեր ոլորտների մասով կան բազմաթիվ խնդրահարույց կետեր:
 
ՀՀԿ հիմնական թիմը ծրագրին դեմ կքվեարկի, քանի որ կառավարության ներկայացրած փաստաթղթում չկա ռազմավարություն:

 

← Վերադառնալ ցուցակին