Լուրեր

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի

28.04.2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու,-  ՀՀԿ որոշումը ներկայացնելով՝ ասել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի դիրքորոշումը։


Ավելի վաղ ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ երրորդ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին։ Հանդիպման օրակարգում եղել են ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին։ 

«ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ իր համար առաջնայինը պետության, Հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի ավտանգությունն է և ներքին կայունությունը։ Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Փոխվել է քաղաքական իրավիճակ, երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Հայաստանում նոր իրողություններ են և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է։ Մենք առաջնորդվում ենք «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով»։ Երբ Հանրապետական կուսակցությունը ստեղծվում էր Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այնուհետև՝ Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան՝ մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն կտակել կուսակցամոլության գաղափար։ Մեզ կտակել են պետականաշինության և պետականամետության գաղափարը»,-ասել է ՀՀԿ խոսնակը։
 
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկախ Հայաստանի պետականության ամենակարևոր հիմնասյուներից մեկն է։ «Անկախ պետականության հիմնասյուն չի նշանակում, որ դու միշտ պետք է լինես իշխանություն։ Մեզ համար ամենավերը պետության շահն է, մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների։ Մեզ անհրաժեշտ են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ահրաժեշտ է ուժեղ Հայաստան։ Սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»,-ընդգծել է Շարմազանովը։

← Վերադառնալ ցուցակին