Լուրեր
Բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարության չափանիշներին համապատասխան
19.04.2018
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ներկայացրել է ԳՄ անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի և շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ: Շարմազանովը նշել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն: «Մենք հարգում ենք մեր քաղաքացների` ազատ երթեր և հանրահավաքներ իրականացնելու իրավունքը: Սա սահմանադրական նորմ է, և որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել օրենքով սահմանված հանրահավաքների օրինական ընթացքը»,- նշեց Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ միևնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որևէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ: «Դժբախտաբար, եղել են նաև դեպքեր, որտեղ եղել են օրենքի խախտումներ, ինչի մասին իրավապահ մարմինները հստակ հայտարարություններ տարածել են»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին` ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ իշխանությունը դրական և զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը: «Երեկ ես նշել եմ, որ ճանապարհը մեկն է` քաղաքական երկխոսությունը: Քաղաքական գործընթացները բացառապես պետք է գնան քաղաքական երկխոսության, քաղաքական համերաշխության, քաղաքական դեբատների ճանապարհով: Այլ ճանապարհ չկա: Մաքսիմալիստական, մերժողական ճանապարհները քաղաքական չեն: Մենք գտնում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարության չափանիշմներին համապատասխան` օրենքի և Սահմանադրության գերակայությունից ելնելով»,- շեշտել է ՀՀԿ խոսնակը :
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու դեպքին` շեշտելով, որ խստագույնս դատապարտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնության ցանկացած դեպք:
«Մենք մեր երկրում հակառակորդներ և թշնամիներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերն են: Նույնիսկ ցույց անող գործընկերը մեզ համար եղբայր է, ընկեր է, գործընկեր է`անկախ նրանից, թե նա մեզ գործընկեր ու եղբայր է համարում, թե՝ հակառակորդ»:
Ամփոփելով թեման Շարմազանովը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս գործընթացում բոլոր կողմերը պահպանեն ժողովրդավարության կանոնները, օրինականությունը, ցուցաբերեն զսպվածություն և հանդուրժողականություն:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի ընտրությանը՝ Էդուարդ Շարմազանովը արձաՀայաստանի խորհրդարանի կողմից երկրի վարչապետի ընտրությունը զուտ արձանագրային միջոցառում էր, որն արձանագրեց ուժերի այն հարաբերակցությունը, որը ձևավորվել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ խորհրդարանում վարչապետի ընտրությունը եղել է օրինական. քաղաքական մեծամասնությունն ունի պատասխանատվության բարձր զգացում և կամք, որպեսզի շարունակի սկսած բարեփոխումները: «Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք լսել մեր հասարակության յուրաքանչյուր հատվածից եկող ազդակներ, եթե կուզեք` նաև բողոքի տեսքով»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
«Ես չեմ ցանկանում հիմա կրակի վրա յուղ լցնել և ասել, որ ցույցեր անող մեր գործընկերոջ օրակարգը կեղծ է, քաղաքական չէ` չնայած, որ շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ «Ելք» խմբակցության նրա գործընկերները մնացին խորհրդարանում, որ ճիշտը խորհրդարանում երկխոսությունն է: Սակայն քանի դեռ յուրաքանչյուր ոչ զգույշ խոսք կարող է սխալ մեկնաբանության առիթ տալ, ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից, որը կարող է իմ որևէ ընդդիմադիր գործընկերոջ հնարավորություն տալ այդ խոսքերն այլ կերպ մեկնաբանել»,- նշել է Շարմազանովը: