Լուրեր
ՀՀԿ ԳՄ-ն կուսակցության խորհրդին կառաջարկի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին
11.04.2018
ՀՀԿ-ն շաբաթ օրը կուսակցության խորհրդին առաջարկելու է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետկապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այնառաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք, որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է, թե ով է լինելու թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կուսակցության գործադիր մարմնի անդամներն այսօրվա նիստում ամփոփել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների արդյունքները և կարծիք են հայտնել:
«Դժվար է գերագնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ ամրապնդման գործում: Դեռ առիթ կլինի, մենք մանրամասն կանդրադառնանք այդ 10 տարիներին ու ոլորտ առ ոլորտ կներկայացնենք բոլոր ձեռքբերումները: Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց՝ միևնույն ժամանակ, պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Ակնհայտ է, որ 2008-ի Հայաստանը և 2018-ի Հայաստանը տարբեր են ժողովրդավարության զարգացման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին նախաձեռնող քաղաքականության, Արցախի հիմնահարցում ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ամրապնդելու առումով»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ, բնականաբար, եղել են նաև թերություններ:
«Քննարկել ենք նաև Կարեն Կարապետյանի կառավարության 1.5 տարվա գործունեությունը: Շնորհակալություն ենք Սերժ Սարգսյանին իր պետականամետ, ազգային գործունեության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել կառավարության բոլոր անդամներին, և, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանին այս 1.5 տարվա արդյունքների համար»,- շեշտել է Շարմազանովը:
«Սա վերաբերում է ոչ միայն չստացված շոուին, այլև, առհասարակ, նրանց բոլոր նախաձեռնություններին: Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ իշխանությունն ու Հանրապետականը պետք է տրվեն սադրանքների, որ մեր նյարդերը տեղի են տալու ու մենք պատասխանելու ենք իրենց ակցիաներին, ապա նրանք պետք է հասկանան, որ մենք ունենք այնքան քաղաքական հասունություն, լրջություն, այնքան ենք սիրում մեր երկիրը, որ երբեք ոչ արկածախնդրության ենք գնալու, ոչ էլ արկածախնդրությանն արկածախնդրությամբ ենք պատասխանելու: Մենք ստանձնել ենք մեր քաղաքացիների առջև պատասխանատվություն երկիրը կառավարելու համար և պատրաստ ենք ամբողջ այդ բեռը վերցնել ու շարունակել: Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ, ժողովրդավարական, ազգային ու միասնական Հայաստան»,- ասել է ՀՀԿ խոսնակը: