Լուրեր
ԼԿՏԻ ՍՈւՏ ԵՎ ԱՆՀԵԹԵԹՈւԹՅՈւՆ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ՝ ԹՈւՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
15.03.2018
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խոջալուի դեպքերը Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է: «Չկա աշխարհում մի միջազգային կազմակերպություն և կառույց՝ լինի դա ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն կամ ԵԱՀԿ-ն, որ ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է «կոտորածի» մեջ: Դա լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»,- շեշտել է Շարմազանովը:
Նրա խոսքով՝ սա ընդամենը թուրք-ադրբեջանական հերթական կեղծիքն է: «Իրենք իրենց հավաքվել են, ուրիշ գյուղից մարդ չկա, սուտ է՝ ասում են: Չկա որևէ միջազգային կառույց, որն ընդունած լինի Հայաստանի կամ Արցախի կողմից որևէ «կոտորած»: Իսկ Խոջալուի մասին բազմիցս խոսվել է, իրենց նախագահ Այազ Մութալիբովը դրա մասին խոսել է: Դա բացառապես ներքին քաղաքական պայքարի արդյունք էր, որտեղ Ադրբեջանի այդ ժամանակվա ընդդիմությունը խփեց Մութալիբովի աքիլեսյան գարշապարին, որից հետո Մութալիբովը հարցազրույց տվեց. այն համացանցում կա, և այստեղ որևէ գաղտնի բան չկա»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովն ընդգծել է, որ Թուրքիայի հայտարարությունները, թե իրենք միշտ լինելու են Ադրբեջանի կողքին, ևս մեկ անգամ ապացուցում են հայկական կողմի դիրքորոշման ճշմարտացիությունն առ այն, որ Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնախնդրում, որովհետև այդ երկիրը սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը:
Նա անդրադարձել է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պետք է սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ:
«Ադրբեջանը դեռևս 1988թ. հանցագործ քաղաքականություն իրականացրեց՝ կոտորելով Սումգայիթի հայ անմեղ ու անզեն բնակչությանը, իսկ երկու տարի անց նման կոտորած կազմակերպեց Բաքվում»: Շարմազանովի խոսքով խոսքով՝ եթե այն ժամանակ քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ մտցներ, գուցե, նման բան չլիներ: «Էլ չեմ ասում, որ 1991-1994 թվականների ընթացքում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը իրականացրեց ահաբեկչական պատերազմ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ: Նույնը կրկնվեց նաև 2016թ. ապրիլին, և եթե միջազգային հանրությունը որևէ պետության նկատմամբ պետք է կիրառի պատժամիջոցներ, ապա դա, նախևառաջ Ադրբեջանն է»: