Լուրեր

ՀՀԿ-ն չի քննարկել ապագա վարչապետի թեկնածությունը

15.03.2018

 ՀՀԿ-ն ապագա կառավարության կազմի՝ վարչապետի, առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների, նախարարների թեկնածության հետ կապված հարցեր չի քննարկել. ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Քննարկելուց հետո այդ ամենը կներկայացվի հանրությանը: Սակայն անկախ նրանից, թե ինչ կառավարություն կլինի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքական պատասխանատուն չի փոխվելու»,- շեշտել է Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը կեղծ օրակարգ է որակում ապրիլին ՀՀ կառավարության ձևավորման գործընթացը որպես իշխանափոխություն ներկայացնելը: Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մինչև 2022թ. ձևավորված են:


«Վաղը ես նույն կարծիքին կլինեմ, եթե 2022թ. Հայաստանի քաղաքացին իր ձայնը տա ոչ թե Հանրապետականին, այլ մեկ ուրիշ կուսակցության: Մենք կարողացել ենք կազմակերպել շատ դրական ընտրություններ, որոնք բոլոր միջազգային կառույցները բարձր գնահատականի են արժանացրել: Որևէ մեկի մոտ խորհրդարանական ընտրությունները կասկած չեն առաջացրել, իսկ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այսօր խորհրդարանում են. խոսքը «Ծառուկյան» դաշինքի և «Ելք» դաշինքի մասին է»,- նշել է ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացված ընտրություններին՝ ՀՀԿ խոսնակը փաստեց, որ կուսակցությունը շարունակում է կրել ժողովրդի վստահությունը. «16 համայնքում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ: Առաջադրված 106 թեկնածուից 55 թեկնածու ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 1 թեկնածու ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 1 թեկնածու՝ Դաշնակցությունից, մնացած 49-ն անկուսակցական են: Ամրագրում ենք, որ Հանրապետականը շարունակում է վստահություն ունենալ», - ասաց Է.Շարմազանովը:

Ինչ
վերաբերում է համայնքների ղեկավարների ընտրություններին, ապա Էդուարդ Շարմազանովի խոսքով 14 համայնքներից 10-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները։

 «Երկուսում հաղթել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, ևս երկուսում՝ անկուսակցականները: Ե՛վ ավագանու, և՛ համայնքապետի ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուները կրում են մեր բնակչության վստահությունը», - ընդգծել ՀՀԿ խոսնակը:

«
Ափսոսում եմ, որ մրցակցությունը շատ մեծ չի եղել և շատ կուսակցություններ, որոնք խոսում են ներկուսակցական ժողովրդավարությունից, միջկուսակցական մրցակցությունից, Հայաստանում ժողովրդավարության զարգացումիցպետք է ասեմ՝ առանց մրցակցության չի լինում ժողովրդավարություն, նախ և առաջ պետք է մասնակցեն, լինի մրցակցություն, որ նոր մենք կարողանանք խոսել մեր լուրջ դերակատարման մասին: Ափսոսում եմ, որ մի շարք քաղաքական ուժեր չմասնակցեցին կամ, միգուցե, չունեին թեկնածուներ այս ընտրություններում», - թեման ամփոփել է Շարմազանովը:

← Վերադառնալ ցուցակին