Լուրեր

Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրից տարածքներ վերցնելու մասին է խոսում

08.02.2018

«Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին: Սա անհեթեթություն ու զառանցանք է»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրից տարածքներ վերցնելու մասին է խոսում: Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Ադոլֆ Հիտլերը ժամանակին նման հայտարարություններ էր անում Սուդեթական մարզի, Լեհաստանի, ԽՍՀՄ և այլ երկրների  նկատմամբ»,- նշեց Շարմազանովը:




Նրա խոսքով՝  պատմությունից քիչ թե շատ տեղյակ մարդու մոտ նման հայտարարությունները լայն ժպիտ են առաջացնում: «Ադրբեջան պետությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել, ինչ պատմական տարածքների մասին է խոսքը: Ցիցերոնը հետաքրքիր արտահայտություններ էր անում դատարկախոսների մասին՝ ասում էր.«Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում»: Դա կիրառելի է նաև նրա նկատմամբ: Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:


Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նույնիսկ ժամ էր նշանակել, թե երբ պետք է Սևանի ափին թեյ խմեր: «Մենք տեսանք, որ նման հայտարարությունների արդյունքում Ադրբեջանը պարտությունը պարտության հետևից կրեց: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային գործընթացին և նպատակ ունի ձգձգել այն ու ներքաղաքական խնդիրներն ուղղել Ադրբեջանում ստեղծված թշնամու կերպարի, այն է՝ Հայաստանի և Արցախի դեմ»,- ամփոփեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական օրակարգի, արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

Անդրադառնալով Հանրապետության չորրորդ նախագահի ընտրության թեմային՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արմեն Սարգսյանը դեռ չի որոշել՝ առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, թե չէ, ըստ այդմ՝ ՀՀԿ-ն առայժմ խնդիր չունի խորհրդարանական այլ ուժերի հետ այս հարցով  բանակցություններ վարելու կամ չվարելու:

 


Հարցին, արդյոք ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ն բանակցություններ վարու՞մ է, որպեսզի նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի օգտին, Է.Շարմազանովը պատասխանեց, որ առաջիկայում ընդդիմադիր խմբակցությունների հետ Արմեն Սարգսյանը կհանդիպի, ապա կտեղեկացնի իր որոշման մասին:

«Միգուցե դրանից հետո ընդդիմադիրները որոշում են կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, և բանակցությունների կարիքը չլինի», - հավելեց նա:

Շարմազանովն ասաց, որ ինքն էլ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ չեն հանդիպել դեռևս Արմեն Սարգսյանին, որպեսզի ծրագրերից տեղյակ լինեն:

Կոալիցիոն գործընկերությունը չի նշանակում, որ բոլոր հարցերում կողմերը պետք է ունենան նույն կարծիքը, անդրադառնալով ՀՅԴ հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը, ասաց  Էդուարդ Շարմազանովը:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում և՛ «Ելք»-ի, և՛ «Ծառուկյան» դաշինքի, և մեր կոալիցիոն գործընկերոջ քաղաքական բոլոր կարծիքներին, բայց կոնկրետ համամասնական բաց ցուցակների հետ կապված կարող ենք նշել, որ այդ, այսպես ասած, ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են», - ասաց Է. Շարմազանովը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ի նպատակը ժողովորդավարական համամասնական ընտրություն իրականացնելն է:




2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հայտարարվել են ժողովրդավարական», - ասաց ՀՀԿ խոսնակը:

«Ավելին, իմ խորին համոզմամբ՝ այս տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են։ Եթե համամասնական ցուցակն ամբողջությամբ որոշում է կուսակցական ղեկավար մարմինը, ապա տարածքային ցուցակների առկայությունը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին իրենք ընտրեն, թե ում են ցանկանում տեսնել պառլամենտում», - ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ տարածքային ցուցակների առկայությունը հնարավորություն է տալիս տարածքի ընտրողներին ունենալ իրենց սեփական պատգամավորին:

«Մենք ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն այսօր  չենք տեսնում», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

← Վերադառնալ ցուցակին