Լուրեր
Ուսանողը՝ զինվորի կողքին. ՀՀԿ ԵԿ-ի և ՀՊՏՀ ուսանողների նախաձեռնությունը
07.02.2018
Հայկական զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը այցելություն էին կազմակերպել սահմանամերձ Կողբ բնակավայրում տեղակայված պաշտպանական զորամաս:
«Ուսանողը՝ զինվորի կողքին» ծրագրի շրջանակներում Տնտեսագիտական համալսարանի շուրջ 5 տասնյակ ուսանողներ ուղևորվեցին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը՝ տեղում շնորհավորելու հայրենիքի պաշտպանների տոնը: Ուսանողները, սպայական անձնակազմի ուղեկցությամբ, նախ շրջեցին զորամասի տարածքում՝ թույլատրելիի սահմաններում ծանոթանալով զորամասի կառուցվածքին և առկա զինտեխնիկային, զրուցեցին զինծառայողների հետ և ծանոթացան նրանց բանակային առօրյային:
Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը նշեց, որ բուհ-բանակ կապի ամրապնդման տեսանկյունից նմանատիպ միջոցառումները խիստ կարևոր և առանցքային նշանակություն ունեն Ուսանողական խորհրդի գործունեության դաշտում. «Ուսանողների այցելությունների շնորհիվ զինվորները կարճատև ժամանակով կտրվում են իրենց սովորական բանակային առօրյայից և շփվելով իրենց հասակակիցների հետ՝ զգում, որ նրանք էլ հայրենիքի զինվորն են քաղաքացիական կյանքում՝ պատրաստ ցանկացած պահի զենք վերցնելու և կանգնելու սահմանապահ հայ զինվորի կողքին»,- իր խոսքում կարևորեց Հովհաննես Հարությունյանը:
Զինվորների հետ ճաշելուց հետո ուսանողները զինծառայողների տոնական օրն ամբողջացրեցին ազգային-հայրենասիրական համերգով: Զինվորները ևս միացան ուսանողների պատրաստած ծրագրին՝ իրենք էլ հանդես գալով երաժշտական համարներով: Ինչպես զինծառայողներից մեկն անկեղծացավ. «Հեշտ չէ թողնել հարազատ տունն ու ընտանիքը, կտրվել քաղաքացիական կյանքից ու 2 տարի ապրել զինվորական կյանքով, բայց երբ գիտես, որ քո հասակակիցները մշտապես հիշում ու հարկ եղած դեպքում էլ կողքիդ են կանգնում, հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը շատ ավելի հեշտ ու հաճելի է դառնում: Մեզ համար ուսանողների ցանկացած այցելություն միշտ էլ սպասված ու շատ ոգևորիչ է»:
Ինչպես և նախորդ բոլոր այցելությունները ՀՀ և Արցախ տարբեր զորամասեր, ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի և ՀՀԿ ԵԿ-ի այս այցելությունը ևս դատարկաձեռն չէր. զինվորների համար պատրաստվել էին նվեր-փաթեթներ՝ առաջին անհրաժեշտության իրեր զինվորների և ամբողջ զորամասի համար: