Լուրեր
Համագործակցության խորացում՝ Հայաստանի Հանրապետական և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունների միջև
07.12.2017

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով, սույն թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Պեկինում մասնակցել է «Չինաստանի Կոմունիստական կուսակցության երկխոսությունը աշխարհի քաղաքական կուսակցությունների հետ» բարձր մակարդակի հանդիպում-համաժողովին:
Համաժողովին մասնակցել են 126 երկրների 267 կուսակցությունների 806 պատվիրակներ: ՀՀԿ պատվիրակության կազմում են եղել ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը և ՀՀԿ արտաքին կապերի բաժնի պետ Տիգրան Սահակյանը:
Համաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը: Թեմատիկ քննարկումներին ելույթով հանդես է եկել ՀՀԿ պատվիրակության ղեկավար Մուշեղ Լալայանը:
Այցի շրջանակներում ՀՀԿ պատվիրակությունը նոյեմբերի 30-ին հանդիպում է ունեցել ՉԿԿ ԿԿ Միջազգային վարչության պետի օգնական-տեղակալ տիկին Շեն Բեյլիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպումից հետո ՀՀԿ պատվիրակության ղեկավար Մուշեղ Լալայանը և ՉԿԿ ԿԿ Միջազգային վարչության պետի օգնական-տեղակալ Շեն Բեյլին ստորագրել են Հուշագիր «Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև 2017-2020թթ. համագործակցության մասին»:
Հարկ է նշել, որ նման տեսակի համագործակցության փաստաթուղթ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ունի աշխարհի սահմանափակ թվով կուսակցությունների հետ: