Լուրեր
Թիմային մրցումներում առաջին տեղը գրավեց ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը
02.12.2017
ԴԵկտեմբերի 2-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը անցկացվեց ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական մրցաշարը, որին մասնակցեցին կուսակցության մարզային 8 և Երևանի 9 տարածքային կազմակերպությունների թիմեր ու անհատ շախմատիստներ:
Առանձնակի հետաքրքիր և մարզական լարված մթնոլորտում էր ընթանում պայքարը հատկապես մրցաշարի թիմային առաջնությունում, որին մասնակցում էին 10 գրոսմայստեր, միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Թիմային մրցումներում առաջին տեղը գրավեց ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, որը արժանացավ մրցաշարի հաղթող գավաթին: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին` Մալաթիա-Սեբաստիայի և Կենտրոնի տարածքային կազմակերպության թիմերը:
Անհատական առաջնության տղամարդկանց 1-ին, բարձրակարգ խմբում հաղթող դարձավ ` Մալաթիա-Սեբաստիա թիմի անդամ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:
Կանանց առաջին, բարձրակարգ խմբում հաղթող դարձավ ՀՀԿ Կոտայքի մարզային կազմակերպության թիմի անդամ Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց առաջին, ուժեղագույնների խմբի 45-ից բարձր տարիք ունեցող մասնակիցների պայքարում հաղթող դարձավ Լոռու մարզային կազմակերպության թիմի անդամ` Արշակ Ռամազյանը:
Տղամարդկանց երկրորդ (սիրողական) խմբում` առաջին տեղը գրավեց Արարատի մարզային կազմակերպության ներկայացուցիչ Երվանդ Գաբրիելյանը:
Կանանց երկրորդ (սիրողական) խմբում` առաջին տեղը գրավեց Շիրակի մարզային կազմակերպության ներկայացուցիչ` Անի-Օդիսեյա Մարտիրոսյանը:
Ինչպես թիմային, այնպես էլ տարբեր խմբերում տղամարդկանց ու կանանց մրցապայքարում հաղթող և մրցանակակիր շախմատիստները պարգևատրվեցին մեդալներով և հուշանվերներով:
Մրցանակակիրներին պարգևները հանձնեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մրցաշարին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Թադևոսյանը, Շախմատային ֆեդերացիայի ներկայացուցիչներ , ՀՀԿ խորհրդի անդամներ: