Լուրեր
Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել
28.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի հետ:
Արա Բաբլոյանը հանդիպումների ընթացքում քննարկել է Հայաստանի եւ այդ երկրների հետ համագործակցության առկա մակարդակը, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հեռանկարները: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի շփումների ակտիվացման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որը համագործակցության այլ ձեւաչափերի որոնման հնարավորություն կտա՝ ամրապնդելով առկա հարաբերությունները:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր կառույցներում միմյանց դիրքորոշումները սատարելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը՝ ընդգծելով, որ աշխարհի քաղաքակիրթ երկրները պետք է միավորեն ջանքերը երկրագնդի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում:
Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան եւ ստացել իրենց երկրներ այցելելու հրավերներ: