Լուրեր
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
20.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները եւ կարեւորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»:
Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների երկկողմ օրակարգն հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների եւ համագործակցության ակտիվացում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը, որի շնորհիվ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ կրթական եւ մշակութային ծրագրեր՝ նպաստելով հայ-բրիտանական կապերի ամրապնդմանը:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության եւ ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցի շուրջ ունեցած Միացյալ Թագավորության դիրքորոշման համար եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Որպես բժիշկ՝ առավել կարեւորում եմ մարդկային կյանքը եւ ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում: Քսանմեկերորդ դարում եւ քաղաքակիրթ աշխարհում սա անընդունելի է»:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ :
Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել Հայաստանին՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները զարգացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու գործում:
Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ եւ պատերազմի, եւ հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահն իրոք ցավալի եւ անընդունելի է: Այս համատեքստում տիկին Ֆարնուորթը փաստել է, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները եւ հակամարտության լուծումը տեսնում բացառապես բանակցային ճանապարհով:
Դեսպանը նշել է, որ երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան. Հայաստանում տեսանելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ուղղությամբ կատարվող քայլերը:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կառավարման խորհրդարանական համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին: