Լուրեր
ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները
19.06.2017
Հունիսի 17-ին՝ մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 100 ՀՀԿ-ական երիտասարդ մասնակցեց դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը: Երիտասարդները Սպիտակավոր մեկնեցին խորհրդանշական վայրից՝ Երևանում Նժդեհի հուշարձանի մոտից։
Նշենք, որ Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխվել և 1987 թվականի հունիսի 17-ին գաղտնի ամփոփվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այս տարի լրացավ Նժդեհի աճյունը Սպիտակավոր տեղափոխելու և այն ուխտավայր դարձնելու 30-ամյակը: 1987 թվականից սկսած՝ հունիսի 17-ին բազմաթիվ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար Վահե Մովսիսյանը նշեց, որ ամեն տարի այս օրը երիտասարդ հանրապետականները կազմակերպում են ուխտագնացություն դեպի Սպիտակավոր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայորդու հիշատակին։ Տեղի ունեցավ մոմավառություն, որին հետևեց մշակութային ծրագիրը՝ հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, Նժդեհին նվիրված երգեր։