Լուրեր
Արա Բաբլոյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
13.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 13-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Ողջունելով Ջեյմս Ապատուրային Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են գործընկերության վրա:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրեւ մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին եւ նշել. «Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարեւոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում՝ անվտանգություն սպառողից վերածվելով անվտանգություն արտադրողի»:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը:
Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական համագործակցության ձեւաչափը եւ նշել, որ 2002 թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ դառնալուց ի վեր ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին. մեր երկրում երեք անգամ անցկացվել է Ռոուզ-Ռոթ սեմինարը եւ տեղի են ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի հանձնաժողովների այցեր:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում կայուն առաջընթացին, ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն արձանագրել է, որ Հայաստանն այսօր այնպիսի պետություն է, որը ոչ միայն աշխարհի համար որեւէ խնդիր չի ստեղծում, այլեւ ակտիվորեն մասնակցում է աշխարհում խաղաղության ապահովմանն ուղղված գործընթացներին:
Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ շնորհավորել Արա Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ: Ջեյմս Ապատուրայը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները գնահատել է որպես վստահելի եւ հուսալի հարաբերություններ, որոնք, անշեղորեն առաջ ընթանալով, բավարարում են երկու կողմերին: Պարոն Ապատուրայն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:
Ջեյմս Ապատուրայը կարեւորել է հասարակության եւ խորհրդարանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու ու զարգացնելու գործում եւ նշել, որ առաջիկայում կլինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների, Ազգային ժողով-ՊՆ համագործակցության եւ ՆԱՏՕ-ի կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին: