Լուրեր
Երևանի 2-րդ գումարման ավագանին ավարտել է աշխատանքը
30.05.2017
Երևանի ավագանու 2-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստի օրակարգը սպառելուց հետո Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը համառոտ ներկայացրել է Երևանի 2-րդ գումարման ավագանու գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, 2013-2017 թվականների ընթացքում գումարվել է ավագանու 52 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 743 որոշում, որից 722-ը կատարվել է, 21-ն ընթացքի մեջ է: Նաև նշվել է, որ այս տարիների ընթացքում ավագանու անդամների, խմբակցությունների և հանձնաժողովների կողմից Երևանի քաղաքապետին ուղղվել է ավելի քան 2000 գրություն, որոնց սահմանված ժամկետներում տրվել են պատասխաններ:
Մինչ Երևանի ավագանու 2-րդ գումարման աշխատանքներն ավարտելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին՝ անցած 4 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար:
«Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ համատեղ աշխատանքի համար, որը եղել է իսկապես արդյունավետ: Շնորհակալ եմ նաև բոլոր լրատվամիջոցներին՝ անցած այս չորս տարիների ընթացքում Երևանի 2-րդ գումարման ավագանու աշխատանքները, քննարկումները լուսաբանելու համար: Բոլորիս մաղթում եմ հաջողություն, իսկ արդեն 3-րդ գումարման ավագանուն էլ՝ արդյունավետ աշխատանք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: