Լուրեր
Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին
30.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք»: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարևոր գործառույթներ և առաքելություն: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ:
Դավիթ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին Արդարադատության նախարարությունը գլխավորած բոլոր նախարարներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, և վստահեցրել, որ իր գլխավորությամբ այդ աշխատանքները կշարունակվեն պատշաճ որակով: