Լուրեր
Հետևողական վերահսկողություն` մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում
10.05.2017
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները Երևանի քաղաքապետարանի ենթակայության 30 մանկապարտեզներում կատարել են մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրություններ: Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը դպրոցներում և պարբերական ստուգումները մանկապարտեզներում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում նաև հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև հստակեցվում է մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ ծրագրերը վերջնականապես հստակեցնելուց հետո հանրությանը ներկայացնել դրանց մանրամասներն ու ժամանակացույցը: