Լուրեր

Համագործակցության հուշագիր՝ Երևանի քաղաքապետարանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի միջև

28.04.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրով նախատեսվում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր: Մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի Կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձևության, նաև հայկական խոհարարական արվեստի ուղղություններով: Ծրագրին կկարողանան մասնակցել 18-28 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով մայրաքաղաքում երիտասարդների համար կրթական նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորության շրջանակում աջակցել ծրագրերի իրագործմանը:
Մարի Լու Փափազյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ կենտրոնի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հարցում աջակցության համար: 

← Վերադառնալ ցուցակին