Լուրեր

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ հետագա առաջընթացի համար. Կարեն Կարապետյանը մասնակցել է Ռազմավարական համաժողովի բացմանը

24.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման հարթակները, որտեղ հանդիպում են խելացի, ստեղծագործող, հայրենասեր և խոսքի լավ իմաստով անհանգիստ մարդիկ, օգտակար են գաղափարների ներկայացման, ռազմավարությունների, տեսլականների փոխանակման ու մեր երկրների տնտեսությունների համար նոր լուծումներ գտնելու համար: «Մաղթում եմ ձեզ բարենպաստ աշխատանք, ավելին, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը մեծ ու երկարատև համագործակցության սկզիբն է: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լավ հարթակ է կառավարության և մասնավոր ներդրողների համագործակցության համար: Մենք մեր հայրենակիցներին, ովքեր բավականին հաջողակ գործարարներ ու գիտնականներ են, անցել են որոշակի ճանապարհ, ներգրավել ենք այդ հարթակ և ստեղծել խորհուրդ, որում 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից է, 5-ը՝ կառավարությունից: Մենք այժմ թիմ ենք ձևավորում, և կարծում եմ, որ այն կլինի շատ ուժեղ ներուժ ունեցող ու հայրենասեր, որը կձևավորի մեր տեսլականն ու ռազմավարությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը, ամենախոշոր ներդրողը: «Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումներում մշտապես քննարկել և նշել ենք, որ չնայած այսօր մեր երկրների համագործակցության մակարդակը բավականին բարձր է, ունենք մեծ ներուժ՝ հետագա առաջընթացի համար: Ես, իհարկե, շահագրգռված եմ, որ այսօր մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ, ծրագրեր՝ ներդրումներ կատարելու համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը ցանկություն է հայտնել, որ համաժողովի ավարտից հետո մասնակիցները հեռանան գաղափարով ու վստահությամբ, որ Հայաստանի կառավարությունը վստահելի գործընկեր է ներդրողների համար, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը շատ լավ հարթակ է կապերի, ներդրումների ներգրավման համար:

ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նշել է, որ այս համաժողովը կարևոր փուլ է հայ գործընկերների հետ համագործակցության համար և ավելացրել, որ պայամանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության, ներդրումային միջավայրի բարելավման, բիզնեսի համար վարչական սահմանափակումների վերացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի արդյունավետ համագործակցության և այլն:

ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ևս կարևորել է ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի հետ համագործակցությունը՝ կապերը խորացնելու, համատեղ նախաձեռնություններ և փորձի փոխանակում իրականացնելու գործում: Ներկայացնելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշել է, որ դրանք միտված են պետական կառավարման ու ՊԵԿ համակարգերում, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Հայաստանի՝ ներդրումների համար գրավիչ մի քանի ոլորտներին՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:  

← Վերադառնալ ցուցակին