Լուրեր
Վարչապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Լոռու մարզի բնակչության, հատկապես կանանց, զբաղվածության ապահովման հարցը լուծելու ուղղությամբ
23.03.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով Լոռու մարզ այցելությանը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այնտեղ բազմաթիվ հնարավորություններ կան նոր աշխատատեղեր ստեղծելու, հատկապես կանանց զբաղվածության խնդիրն ապահովելու համար: Կարեն Կարապետյանը հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ հանձնարարական է տվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Վարչապետը նշել է, որ Լոռու մարզում առկա է տեքստիլ արդյունաբերության զարգացման ներուժ, ինչի համար կառավարությունը պետք է աջակցի: «Իրականում այնտեղ կա մոտ 3000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն: Մարզում տղամարդիկ քիչ թե շատ զբաղված են, սակայն առկա է կանանց զբաղվածության խնդիր»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ
Անդրադառնալով Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Սևանա լիճը և հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում»: Հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճի և հարակից տարածքներին տրված հատուկ կարգավիճակն ու կայուն զարգացման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիր բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին 2-ամսյա ժամկետում մեկ անգամ ևս քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը` շեշտադրելով տնտեսական բաղադրիչը և Սևանա լճի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը։ Ֆինանսների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան։ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում մշակել և ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գծով գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով, ինչպես նաև ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն էլ 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտիավորման նախագիծը: «Նախ գույքագրելու ենք Սևանա լճի ամբողջ տարածքը: Կան բազմաթիվ ակտիվներ, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային դաշտ ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անել: Շատ խիստ պետք է կարգավորենք վարձակալության տրված տարածքների հետ կապված հարցը, քանի որ դրանք յուրաքանչյուր մարդ իր քմահաճույքով կամ ճաշակով ցանկապատում է: Նորմալ պայմաններ է պետք ստեղծել ներդրումների համար»,-ընդգծել է վարչապետը և հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին գնահատել «Սևան» ազգային պարկի տնօրինության աշխատանքի արդյունավետությունը:
«Մենք կայացած համատիրություններ չունենք». վարչապետ. առաջարկություններ կներկայացվեն բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ
Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայումս հանրապետության շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուրջ 67 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի հետազոտությունների արդյունքում վերհանվել են մի շարք խնդիրներ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ: Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ առհասարակ դրա բացակայույթան մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետերին՝ համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի (համատիրություն, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, համայնք), ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (տանիք, նկուղ, մուտքեր, աստիճանավանդակներ և այլն) փաստացի վիճակի վերաբերյալ։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է առաջին կետով նախատեսված տեղեկատվության արդյունքներով 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն (հնարավորության դեպքում՝ նաև ներդրող) համագործակցության շրջանակներում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման և անվտանգ շահագործման մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՀՀ արդարադատության նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին 2-րդ կետով նախատեսված առաջարկությունները ստանալուն պես 2-ամսյա ժամկետում՝ համատեղ քննարկելով հանրապետության բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակները, ներկայացնել համապատասխան առաջարկություն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև միաժամանակ քննարկման առարկա դարձնել համատիրություններին անհրաժեշտ օժանդակության տրամադրման և միասնական հաշվետվողականության, պատասխանատվության և վերահսկողական համակարգի ներդրման հարցերը: «Մենք կայացած համատիրություններ չունենք և պետք է այնպես անենք, որ դրանք աշխատեն: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնալ այստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեսլական կներկայացնի սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ
Անդրադառնալով համայնքների ճանապարհային խնդիրներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է մեր ուշադրությունը հրավիրենք համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների հիմնախնդիրներին: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 10-օրյա ժամկետում՝ որպես պիլոտ, կառավարության աշխատակազմ ներկայացնել Ձեր տեսլականը՝ սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ, այնուհետև ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհներով անվտանգ երթևեկություն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել Ձեր առաջարկությունները»:
Հանձնարարվել է նաև գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն դրանց վերաբաշխման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով մեր տարածքների համաչափ զարգացման և սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները, ինչպես նաև ակտիվացնել կատարվող աշխատանքները՝ իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: «Ժամը 09:30 կամուրջների վրա աշխատող չկա, 17:30 բոլորը հանգստանում են: Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում՝ ժամկետը կրճատեք: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես պետք է կնքել, որ մենք կարողանանք հետևել»,-նշել է կառավարության ղեկավարը:
Համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «2016 թվականի դեկտեմբեր ամսին համայնքների ղեկավարներին տրվեց համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի կազմման նոր մեթոդաբանությունը: Արդեն իսկ ստացված 923 համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաև համայնքների բնակիչների հետ հանդիպումների արդյունքները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք ոչ լիարժեք են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ մարզպետերին 1-ամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայման գործընթացը՝ լիարժեք ներգրավվելով համայնքի բնակիչներին համապատասխան քննարկումներին: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է 3-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ կազմակերպել քննարկում կառավարության աշխատակազմում:
Վարչապետը հանձնարարել է նաև արագացնել Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագրով նախատեսվող 250 համայնքապետերի ուսուցման գործընթացի կազմակերպումը: Նշվել է նաև, որ բոլոր մարզպետերն կվերապատրաստվեն Ամերիկյան համալսարանում:
Մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է և ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում. վարչապետ
Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է։ Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։ Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների իրականացում, այդ թվում՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որպես զբոսաշրջային երկրի գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը, էլեկտրոնային մարքեթինգի իրականացումը, ներառյալ բարձրորակ հոլովակների արտադրությունն ու դրանց լայն տարածումը միջազգային սոցցանցերով և օտարերկրյա ԶԼՄ-ներով հեռարձակումը։ Վարչապետը հանձնարարել է նաև իր խորհրդական Արմեն Ավակ Ավակյանին կոորդինացնել այդ աշխատանքները:
Ստացվել է առաջարկություն Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ
Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից: Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել: «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել և հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Այնուհետև վարչապետը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս հավուր պատշաճի իրազեկել հանրությանը ոլորտներում իրականացվող բոլոր բարեփոխումների վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ գյուղնախարարին հանձնարարվել է Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը: Ծրագրի շրջանակում շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է հանրությանը մանրամասն իրազեկել հարկային, մաքսային վարչարարության հետ կապված բոլոր բարեփոխումները: «Իրականում ունենք դրական փոփոխություններ և շատ հստակ տրամադրվածություն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու հարցում»,-ընդգծել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը ՀՀ ոստիկանության պետի ուշադրությունն է հրավիրել ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքներին, որոնք վերջին շրջանում շատացել են. «Խնդրում եմ այդ դաշտը Ձեր անձնական վերահսկողության տակ վերցնեք»:
Կբարելավվի ներդրումային միջավայրը
Կառավարության հավանությանն է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Ինչպես նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում: Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փոփոխությունների արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրական փոփոխություններին: Նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ-ում քաղաքական ապաստան հայցողի դիմումի քննարկման ժամկետները:
Երևանում նախատեսվում է կառուցել 250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին»: Ինչպես նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, կառավարության թիվ մեկ գերակայությունն է դառնում սեփական էներգետիկ ռեսուրսներով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: «Վերջին մեկ տասնամյակում միայն փոքր ՀԷԿ-երի բուռն զարգացումը բերեց նրան, որ այսօր նրանց կողմից արտադրվող էներգետիկ հզորությունները ՀՀ-ում կազմում են 330 մեգավատտ: Խոսվել է նաև առաջիկա տարիներին մինչև 150 մեգավատտ հողմային և մինչև 100 մեգավատ արևային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ակնհայտորեն կբերի ռեակտիվ էներգիայի պակասուրդի, ինչն այսօր գործող ավանդական կայանները՝ Ատոմակայանը և մյուս ջերմային կայանները, չեն կարող ծածկել: Այս նպատակով բացառիկ կարևորություն է ստանում այս նախագիծը, որովհետև շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն ուղղված է հենց այս պակասուրդի ծածկմանը»,-նշել է նախարարը: Ըստ նրա՝ նոր կայանը կլուծի մեկ ալ կարևոր խնդիր: «Գիտեք, որ 2019թ.-ին կավարտենք Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը և գրեթե նույն ժամանակահատվածում պլանավորում ենք Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը կբերի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների բազմապատկմանը, և մեր արտահանման հնարավորությունը կհասնի 1550 մեգավատտի: Գործող արտադրական հզորությունները բավարար չեն արտահանումն այս ծավալներով բավարարելու համար: Պետք է ասել նաև, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, հատկապես ձմռանը, ի զորու չեն լինի ապահովել նման ծավալներ: Սա երկրորդ կարևորագույն պատճառն է, որով մենք այս նախագիծը կարևորում ենք», -ընդգծել է Աշոտ Մանուկյանը: Նշվել է նաև, որ նախագծով նախատեսվում է կատարել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, շինարարությունը կտևի 26 ամիս, կստեծվի 900 աշխատատեղ, իսկ շահագործման ամբողջ ընթացքում ևս 200 աշխատատեղ՝ բարձր աշխատավարձով:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ուսումնասիրել Շիրակի մարզի մի քանի համայնքներում բարձրացված գազիֆիկացման խնդիրները և տալ մասնագիտական խորհրդատվություն:
Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարելել է ուսումնասիրել մարզերում ոռոգման ջրի վճարումների և ջրի կորուստների հետ կապված հարցերը:
Կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման նախապայմանները
Գործադիրը հավանություն է տվել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին: Հիմնավորման համաձայն՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները թեև որոշակիորեն կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ, սակայն դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը: Մասնավորապես, առկա են կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումներ, կամավորի և կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորման բացակայություն: Հայեցակարգով նախատեսվում է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, որով կսահմանվեն կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները:
Առանձնահատուկ խնդրահարույց դեպքերում համապատասխան մարմնի կողմից (կազմակերպության) եռօրյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սահմանված տեղեկությունները տրամադրելու պարտադիր նորմն ապահովելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախարարությունը, դրանք ստանալու դեպքում, անմիջապես տեղեկացնում է սոցիալական աջակցության համապատասխան տարածքային մարմիններին: Սոցիալական աջակցության տարածքային մարմինն սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան: Խումբը գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում: Ընդ որում, վերացվում է տվյալների փոխանակման հիմնական խոչընդոտը` գաղտնիությունը, սահմանվում է, որ դրանք փոխանակվելու են ծածկագրերի միջոցով:
Աջակցություն կստանան հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գոֆրոլայն» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է հիմնել ամբողջովին նոր արտադրամաս` ծալքավոր ստվարաթուղթ՝ դրանից պատրաստի տարաներ, արկղեր, տուփեր արտադրելու համար։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 390 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 102,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար ՀՀ դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Մեկ այլ որոշմամբ էլ երեք տարով հետաձգվել է Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 500 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 2017 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ, 2018 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ և 2019 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Վարչապետը հորդորել է կանոնակարգել արտոնության տրամադրման գործընթացը և իրականացնել այն հնարավորինս սեղմ ժամկետում:
Արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով
ՀՀ անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 1-ին և 2-րդ ծրագրերի նպատակն արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Ծրագրերի շրջանակում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, իսկ համայնքներում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք է բերվել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում: Առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված տեխնիկան նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին: Արդյունքում հանրապետության 37 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 46 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը, մեկ կոոպերատիվ կունենա անհրաժեշտ բեռնատար ավտոմեքենա և կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը, էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 59 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:
«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի Գ. Քոչարի փողոցին հարող այգու տարածք
Գործադիրը որոշել է «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում:
ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և ՀՀ Սյունիքի մարզի Վաղատնի համայնքի Որոտնավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Այլ որոշումներ
Կառավարությունը հավանություն է տվել Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին, որով ակնկալվում է անհրաժեշտ հիմքեր ստեղծել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները դասել նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք չպահանջող շինարարական աշխատանքների շարքում և խնդիրը կարգավորել բացառապես հետագիծ-նախագծային փաստաթղթերի համաձայնեցման միջոցով շինարարության թույլտվության տրամադրմամբ՝ առանց ավարտական ակտի ձևակերպման: Արդյունքում 20 օրվա փոխարեն գործողությունը կկատարվի 3 օրում:
Կառավարությունը որոշել է Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով:
Գործադիրի որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքում գտնվող նախկին հիվանդանոցի շենքը, կիսակառույց շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերվել է համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: