Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Յան Պետերսենին
22.03.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 22-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին:
Ողջունելով դիտորդական առաքելության ղեկավարին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների գործունեությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում: ԱԺ նախագահի խոսքով՝ դրանք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը եւ ընտրական համակարգի կատարելագործմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Մենք բարեխղճորեն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողություններն ու գնահատականները եւ փորձում ենք իրականություն դարձնել այն առաջարկությունները, որոնք ներկայացնում են դիտորդները»:
ԱԺ նախագահը փաստել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման, ինչպես նաեւ ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է ԵՄ կողմից կատարված ներդրումն ընտրությունների կազմակերպման գործում եւ շնորհակալություն հայտնել այն միջազգային կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման հարցում:
Կարեւորելով քաղաքական երկխոսությունն իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ՝ ԱԺ նախագահը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ուղղված է ոչ միայն ընտրական համակարգի կատարելագործմանը, այլեւ ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների հետ եւ ակնկալում են մանրակրկիտ եւ անաչառ դիտարկում, ինչպես նաեւ ընտրությունների անկողմնակալ գնահատում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յան Պետերսենը նշել է, որ արդեն չորս շաբաթ է առաքելությունն աշխատում է Հայաստանում՝ թիմեր տեղակայելով Երեւանում եւ մարզերում: Յան Պետերսենի հավաստիացմամբ առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահի, ԿԸՀ նախագահի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիների հետ: Յան Պետերսենը փաստել է, որ դիտարկվող բոլոր երկրներում առաքելությունը դիտարկումն անցկացնում է ստանդարտ մեթոդաբանությամբ եւ կարեւորում դիտարկման նույն ձեւն ամենուր:
Առաքելության ղեկավարի խոսքով՝ մանրազնին ուսումնասիրվում են երկրի օրենսդրությունը, լրատվական դաշտը եւ բուն ընտրարշավը: Հաջորդ շաբաթ առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ եւ 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Յան Պետերսենը նշել է, որ իրենք համագործակցում են բոլոր դիտորդների հետ եւ երկու ամիս հետո կհրապարակվի վերջնական զեկույցը:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ իրենք խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իրենց դիտարկումները եւ տալով միասնական գնահատական, սակայն Երեւանում կմնան մինչեւ ապրիլի 14-ը:
Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը հանգամանալից պատասխանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են Ընտրական օրենսգրքին, խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը եւ ռեյտինգային ընտրակարգին: